Շուշիի Կերպարվեստի թանգարանի բակն է: Երևում է՝ հին նկարներով ապրիլի 10-ին դեռ գոյություն ունեին ցուցանմուշները, այսօր՝ հունիսի 5-ի լուսնակրաներով, երևում է, որ տեղահանել են ադրբեջանցիները: Այդ մասին այսօր ահազանգեց Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը՝ ցույց տալով արբանյակային լուսանկարները:
Լուսինե Գասպարյան, «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն, արվեստաբան - Բետոն արված էին, շատ պինդ: Գիտեք, թե քանի տոննայանոց քարեր էին այդ քանդակները, մի կերպ էինք տեղադրել այնտեղ:
Խոսքը 51 քանդակի մասին է: Թե երբ և ուր են անհետացել՝ գլխավոր հարցերն են:
Րաֆֆի Քորթոշյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն - Եթե Շուշիում են, շատ բարի, եթե մի տեղ տեղափոխվել են, պետք է տեղեկացվի, կարծում եմ, նաև ռուս խաղաղապահներին, քանի որ ստանձնել էին մշակույթի պահպանման խնդիրները:
Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը ևս հարցեր է ուղղում Ադրբեջանին՝ արդյոք քանդակների տեղահանման գործընթացին ներգրավված եղե՞լ են համադրողներն ու բնապահպանները, նաև պահանջում է՝ բացահայտել առգրավված քանդակների գտնվելու վայրը, տեղեկացնել դրանց՝ հանրությանը հասանելի լինելու մասին:
Րաֆֆի Քորթոշյան - Կարծում եմ՝ հարցադրումը կմնա անպատասխան, ինչպես բոլոր հարցադրումները: Ադրբեջանը նույնիսկ ՅՈՒՆՈՍԿՕ-ի հարցումներին չի պատասխանում, պատմության մեջ որևէ հարցադրման չի պատասխանել:
Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը փաստահավաք գործունեություն է ծավալում: Րաֆֆի Քորթոշյանը նշում է՝ այս ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող բոլոր հասանելի վայրերում կազմակերպությունն ամեն ամիս արբանյակայի լուսանկարներ է անում է, որը շատ կարևոր է նախևառաջ մեզ համար: Այլ գործիքակազմ՝ պարտադրող կամ պաժիչ, միջազգային այս կազմակերպությունը չունի:
Րաֆֆի Քորթոշյան - Այս բոլոր փաստերի վերջում մեզ պետք են իրավաբանական լուրջ կազմակեկերպություններ կամ դիվանագիտական լուրջ գործունեություն, որ կարողանա կանգնեցնել Ադրբեջանին:
Շեշտում է՝ բացի բնաջնջումից, նաև խեղաթյուրում են պատմությունը: Այդ թվում՝ պաշտոնատար անձանց մակարդակով:
Րաֆֆի Քորթոշյան - Պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանի մշակույթի նախարարը հրապարակել Տիգրանակերտի ներքևում գտնվող բերդի լուսանկարը, հետո ևս 2 աշտարակի լուսաննկար՝ մեկը խաչքարով, մեկը՝ առանց՝ կից գրառմամբ: Մեր բազայում ուսումնասիրություններ կատարելով՝ պարզեցի, որ դա իրականության մեջ Ախլցխա բերդի աշտարակն է: Մեր տարածած նյութը տեսավ մոտ 10 000 հոգի, Ադրբեջանի նախարարի տարածածը՝ միլիոնավոր մարդիկ:
Այսպես սուտը դառնում է ճիշտ: Բազմաթիվ կեղծիքներ էլ կան, որ փաստերով ապացուցելի չեն: Իսկ տվյալ դեպքում անհետացած 51 քանդակն աշխարհի տարբեր անկյունների ժամանակակից քանդակագործների աշխատանքներն են:
Լուսինե Գասպարյան - 2011-2017 թթ-. Շուշիում կազմակերպվում էր քանդակագործության միջազգային սիմպոզիում՝ ի պատիվ շուշեցի քանդակագործ Հակոբ Գյուրջյանի: Մասնակցում էին տարբեր երկրների քանդակագործներ՝ Իտալիա, Չինաստան, Ճապոնիա, Ամերիկա, Խորվաթիա, Լեհաստան:
Պուրակն ու քանդակների բացակայությունը, եթե արբանյակային լուսանկարներով հնարավոր է եղել արձանագրել, ապա պահոցներում պահվող նմուշների մասին ոչինչ հայտնի չէ: Բացի Շուշիում գտնվող երեք՝ կերպարվեստի, երկրաբանության և պատմության թանգարանների մշակութային արժեքներից, ադրբեջանցիների ձեռքում է նաև Ազոխի քարանձավի պեղումների ժամանակ հայտնաբերված հնագիտական նյութերը՝ 90 արկղ: