356 աշակերտ ունեցող Մարգահովիտ համայնքի միջնակարգ դպրոցի բակում, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան ֆինանսավորմամբ և Մարգահովիտի երիտասարդական կենտրոնի ջանքերով, կառուցվել է մարզահրապարակ ու խաղահրապարակ:
Ֆուկուշիմա Մասանորի, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան - Մենք անկեղծորեն հույս ունենք, որ նոր խաղահրապարակը ոչ միայն կբարելավի դպրոցականների առողջությունը, այլև կխթանի նրանց ձեռքբերումները:
Արամ Գրիգորյան, Լոռու մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ - Համայնքներում կարևորում ենք նման միջոցառումները՝ հավասարաչափ զարգանալու համար: Մեր երեխաների համար նման մարզահրապարակները, նման խաղահրապարակները շատ կարևոր են:
Շինարարության մեկնարկը տրվել էր այս տարվա մարտին: Ծրագրի նպատակն է ապահովել ավելի լավ կրթական միջավայր և խրախուսել առողջ ապրելակերպը համայնքում:
Մարզահրապարակից կկարողանան օգտվել նաև ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով երեխաները:
Համագործակցության շրջանակում ծրագրի բյուջեն կազմել է ավելի քան 19 հազար դոլար: Համայնքը ևս իր ներդրումն է ունեցել: Հանգանակությամբ գնել են «Փոքրիկ մարզիկ» կոչվող սարքը:
Երեխաների ոգևորությունը մեծ է: Հիմա ազատ ժամանակն ավելի արդյունավետ կազմակերպելու հնարավորություն կունենան:
Նախաձեռնողները խոստանում են՝ համագործակցությունը շարունակական է լինելու: Կյանքի կոչվելու հերթում հաջորդ ծրագրերն են: