ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը «Թալիբան» արմատական շարժմանը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն Աֆղանստանում՝ զգուշացնելով, որ երկիրը դուրս է գալիս վերահսկողությունից: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:
«Պատերազմի ուղին ընտրածներին միջազգային հանրության ուղերձը պետք է հստակ լինի: Ուժի կիրառմամբ իշխանության զավթումը պարտություն է: Այն կարող է երկարատև քաղաքացիական պատերազմի կամ Աֆղանստանը լիովին մեկուսացման հանգեցնել»,-հայտարարել է Անտոնիու Գուտերեշը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բոլոր կողմերին հորդորել է պաշտպանել քաղաքացիներին: Գուտերեշը խիստ մտահոգված է այն հանգամանքով, որ «Թալիբան» շարժումն իր վերահսկողության տակ գտնվող շրջաններում մարդու իրավունքների կոպիտ խախտումներ է թույլ տալիս, մասնավորապես՝ թիրախավորելով կանանց ու լրագրողներին: