ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր ընտանիքի հետ արձակուրդի շրջանակում շարունակում է ծանոթանալ Հայաստանի տեսարժան վայրերին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջից:
Օգոստոսի 12-ին նրանք այցելել են Արմավիրի մարզի մի շարք տեսարժան վայրեր, այդ թվում՝ Բագարան գյուղում գտնվող 10-րդ դարի Սբ. Շուշանիկ և 6-րդ դարի Սբ. Երրորդություն եկեղեցիները:
Այցի ընթացքում դեսպան Կոպիրկինը նաև այցելել է ՀՀ-ում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատի ծառայության վայր և հայ-թուրքական սահմանին գտնվող ուղեկալներ ու դիրքերը:
Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է ռուս և հայ սահմանապահների հետ, ծանոթացել նրանց կողմից իրականացվող խնդիրներին և այն բանին, թե ինչպես են նրանք համատեղ ծառայություն իրականացնում՝ պահպանելով ՀՀ սահմանները: