Վրաստան
Վրաստանի կառավարությունը, երկրում կորոնավիրուսով վարակվածների թվի աննախադեպ աճի ֆոնին, նոր սահմանափակումների է անցնում: Հարևան երկրում այսօրվանից մինչև սեպտեմբերի 4-ը երկրի ամբողջ տարածքում դադարեցվում է քաղաքային տրանսպորտի աշխատանքը, բոլոր պետական գերատեսչություններին հրահանգվել է հեռավար աշխատել: Բացի այդ, չեղարկվել են բոլոր համերգներն ու զանգվածային միջոցառումները, արգելվել են հարսանիքները: Վրաստանի իշխանությունները որոշել են նաև ակտիվացնել բնակչության պատվաստման գործընթացը։ Այսուհետև պատվաստող խմբեր կկազմվեն նաև զինվորական հոսպիտալների աշխատակիցներից։ Վերջին տվյալների համաձայն՝ երկրում կորոնավիրուսի ավելի քան 5 հազար նոր դեպք է արձանագրվել, 42 մարդ մահացել է։
Իրան
Կորոնավիրուսային իրավիճակը սաստկացել է նաև հարևան Իրանում: Այնտեղ իշխանությունները հնգօրյա հանգիստ են հայտարարել և արգելել տեղաշարժը երկրի շրջանների միջև: Տեղաշարժման սահմանափակումներն ուժի մեջ են մտնելու վաղը և շարունակվելու մինչև օգոստոսի 21-ը: Բոլոր հիմնարկները, գրասենյակներն ու բանկերը դադարեցնելու են աշխատանքը: Օգոստոսի 14-ի դրությամբ՝ Իրանում գրանցվել է կորոնավիրուսի մոտ 4 մլն 389 դեպք: Պատվաստվել է 18 մլն մարդ:
Ռուսաստան
Իրավիճակը մտահոգիչ է նաև Ռուսաստանում: Այնտեղ մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 22277 դեպք: Նախօրեին Ռուսաստանում մահվան դեպքերի առավելագույն ցուցանիշն է գրանցվել՝ 815 մահ: Ռուսաստանում կորոնավիրուսից պատվաստվել է բնակչության մոտ 20 տոկոսը: Մեկ մասնաբաժին է ստացել 27 տոկոսը:
Ավստրալիա
Ավստրալիայի իշխանությունները հավելյալ զինվորականներ կուղարկեն Սիդնեյ՝ կարանտինի հետ կապված կանոնների պահպանումը վերահսկելու համար: «Մնա տանը» արշավի շրջանակում իրավապահները կվերահսկեն, որպեսզի Սիդնեյի բնակիչները հետևեն իշխանությունների ինքնամեկուսացման հրահանգին: Զանգվածային վերահսկողության համար Սիդնեյ կուղարկվի 500 զինվորական, որոնք կմիանան տեղի ոստիկանական ուժերին: Ավստրալիայում կորոնավիրուսային վիճակագրությունը գնալով վատթարանում է: Օգոստոսի 13-ին գրանցվել է 466 նոր դեպք, որը համավարակի շրջանում ամենաբարձր ցուցանիշն է: