1915 թվականին բրուտագործ Նազար պապն իր ընտանիքի հետ տեղափոխվեց Հրազդան: Հայրենիքից իր հետ բերեց սերնդեսերունդ փոխանցված կավի գաղտնիքը, որը հետագայում փոխանցեց որդուն: Այդ ժամանակ վարպետ Գեղամի հայրն ընդամենը 3 տարեկան էր:
Գեղամ Ղարիբյան (բրուտագործ) - Մենք որ երեխա էինք, պապիկս կավը շաղում էր, շաքարաջրով բացում: Սովորաբար ջրով են բացում, բայց ինքը շաքարաջրով էր բացում, շարիկ կոնֆետներ էր սարքում, դնում արևի տակ, չորացնում էր և ուտում: Մեզ էլ ասում էր՝ լաո՛, կերե՛ք, սիրտ-թոք կմաքրե, առողջարար է:
Ղարիբյանների ընտանիքը կավից պատրաստում էր սպասք ու թոնիրներ: Երևան տեղափոխվելուց հետո զարգացրին թոնրագործությունը: Վարպետ Գեղամն այսօր աշխատում է որդու՝ Հրանտի հետ: Ծանր աշխատանքները որդին վերցնում է իր վրա:
Հրանտ Ղարիբյան (բրուտագործ) - Փոքրուց չէի սիրում, որովհետև շատ ծանր աշխատանք է: Իսկ հետո կամաց-կամաց սկսեցի սիրել: Շատ գրավիչ է, երբ ամբողջ աշխարհից զանգում են, շնորհակալություն են հայտնում այս գործը պահելու, պահպանելու, արարելու համար:
Հայր և որդի սկզբնական շրջանում թոնիր էին պատրաստում միայն լավաշ թխելու համար: Ժամանակի ընթացքում պահանջարկը մեծացավ, պատվերներ եղան աշխարհի տարբեր կետերից: Ղարիբյանները որոշեցին մեծացնել թոնիրների տեսականին:
Հրանտ Ղարիբյան - Յուրաքանչյուր թոնիր իր յուրահատկությունն ունի: Նոր թոնիրների տեսակ ենք որոշել ես ու հայրս՝ պիցցաները մեջը պատրաստելու համար:
Մինչև այսօր իրենց արհեստանոցում խնամքով պահում են պապերի աշխատանքային գործիքները: Երեխա ժամանակ հաց թխելու հաջորդ օրը թոռներով հավաքվում ու ոտքերը թոնրի մեջ էին կախում, քանի որ կավը բուժիչ հատկություն ունի՝ ասում է վարպետ Գեղամը:
Գեղամ Ղարիբյան - Երբեմն զանգում են, բուժման համար կավ են ուզում: Ես իրենց տալիս եմ անվճար:
2018 թվականին հայկական պատվիրակության կազմում վարպետ Գեղամը մեկնեց Վաշինգտոն՝ Սմիթսոնյան փառատոնում հայկական թոնրագործությունը ներկայացնելու։
Արհեստանոցում աշխատողներ չեն վերցնում՝ տարիներով փոխանցված գաղտնիքը պետք է պահել ընտանիքի ներսում՝ վստահ է վարպետը: Թոնրի թրծման համար արդեն վառարան են գնել, պատրաստվում են նաև արհեստանոցը նորոգել՝ բարելավելով աշխատանքային պայմաններն իրենց արհեստը շարունակողների համար: