Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կհիմնանորոգվեն մի շարք փողոցներ՝ 3200 գծամետր ընդհանուր երկարությամբ և 22 հազար 690 քառակուսի մետր մակերեսով։
Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 245 միլիոն 441 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 110 միլիոն 448 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 134 միլիոն 992 հազար դրամը՝ Ծովագյուղի համայնքապետարանը։
Նախատեսվում է ասֆալտապատել Ծովագյուղի ներհամայնքային 8-րդ փողոցի մի մասը, 13-րդ փողոցի առաջին նրբանցքը, 15-րդ փողոցը, 17-րդ փողոցի մի մասը և 2-րդ ու 3-րդ նրբանցքները, 18-րդ փողոցը, 19, 20, 22-րդ փողոցների մի մասը և 24-րդ փողոցի 6-րդ նրբանցքի մի հատվածը։ Շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է: