Թուրքիայի ծովափնյա շրջաններում համատարած հեղեղումների ու սողանքների զոհերի թիվը հասել է 40-ի: Այս մասին այսօր տեղեկացնում է երկրի արտակարգ իրավիճակների և աղետների գործակալությունը: Սև ծովի ափերին առատ տեղումները հեղեղումների պատճառ են դարձել: Բնական աղետի հետևանքով ավերվել են տներ: Ջրի ահռելի հոսքը քշել-տարել է ավտոմեքենաներ, անանցանելի են դարձել բազմաթիվ ճանապարհներ ու կամուրջներ: Գործակալությունը հայտնում է 9 տուժածի և 1 անհետ կորածի մասին: Սակայն, բնակիչները սոցիալական ցանցերում գրում են հարյուրավոր անհետ կորածների մասին:
*****
Մեքսիկայում ընթանում են Վենեսուելայի կառավարության և ընդդիմության միջև բանակցությունները: Երկխոսության մեկնարկին կողմերը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ սահմանելով հստակ շրջանակներ: Ստորագրման արարողությանը ներկա է եղել նաև Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էմբարդը: Բանակցություններն ընթանում են Նորվեգիայի միջնորդությամբ: Հուշագրի համաձայն՝ կողմերը քննարկելու են հասարակության բոլոր շերտերի քաղաքական և ընտրական իրավունքները, դիտորդների մասնակցությամբ ընտրությունների կազմակերպման ժամանակացույցը, պատժամիջոցների չեղարկումը և սեփականության իրավունքի վերականգնումը, օրենքի գերակայությունը, տնտեսական իրավիճակը, սոցիալական ապահովության մեխանիզմները և այլն: Վենեսուելայի ընդդիմության միասնական հարթակի պատվիրակության ղեկավար Հերարդո Բլայդի խոսքով՝ երկխոսության մեկնարկով սկսվում է կառավարություն-ընդդիմություն բանակցությունների երկրորդ փուլը, որը կլինի բարդ և ծանր գործընթաց:
*****
Այս տարի արձանագրվել է մոլորակի ամենաշոգ հուլիսը: Գիտնականների հավաստմամբ՝ ռեկորդային տապի պատճառը կլիմայական փոփոխություններն են: ԱՄՆ օդերևութաբանական գործակալությունը տեղեկացնում է, որ մոլորակի վրա անցյալ ամիս օդի միջին ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի կազմել է 16.73 աստիճան: Այս տարվա ռեկորդը գերազանցել է 2016-ի հուլիս ամսվա նախորդ ռեկորդը: Միացյալ Նահանգների և Եվրոպայի որոշ հատվածներում հուլիս ամսից սկսվել է անոմալ տապը: Օդերևութաբանական գործակալությունից հայտնում են, որ սա ցույց է տալիս մոլորակի վրա կլիմայական փոփոխությունների մեկնարկը, որն արտահայտվում է աննախադեպ շոգ եղանակով, անտառային հրդեհներով, երաշտով ու հեղեղումներով: Այս ամենի պատճառը մարդու կողմից էներգակիրների՝ ածխի, նավթի ու բնական գազի այրումն է: