«Հայաստան» խմբակցությունը ևս երկու դիմում կներկայացնի Սահմանադրական դատարան: Դրանցից մեկը վերաբերում է «Հայաստան» խմբակցության կալանքի տակ գնտվող երկու պատգամավորի անձեռնմխելիությանը, մյուսը՝ Ազգային ժողովի նախագահի լիազորություններին:
Ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը բացատրում է՝ դիմումներից մեկով վիճարկելու են քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի սահմանադրականությունը, որի հիման վրա էլ պահանջելու են բարձր դատարանից հստակ գնահատական տալ՝ արդյո՞ք պատգամավորի կարգավիճակը բավարար հիմք չէ, որպեսզի տվյալ անձն ազատվի կալանքից: Մինասյանի պնդմամբ՝ իրենց կալանավորված գործընկերներն ընտրվելուց հետո ստացել են Սահմանադրությամբ երաշխավորված անձեռնմխելիություն:
«Հայաստան» խմբակցության երկու պատգամավոր մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման, պաշտոնական կեղծիք կատարելու համար։ Կալանավորվել են ընտրություններից օրեր անց: Գլխավոր դատախազությունն այս ընթացքում տարբեր առիթներով հիմնավորել է, որ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումն սկսվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ, երբ նրանք ունեին պատգամավորի թեկնածուի կարգավիճակ: Իսկ Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո նույն հարցով նաև խորհրդարանի համաձայնությունն ստանալու պահանջ նախատեսված չէ։
Հաջորդ դիմումով խորհրդարանական ընդդիմությունը վիճարկելու է ԱԺ նախագահության գործողությունների սահմանադրականությունը:
Արծվիկ Մինասյան, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար - Մենք, վկայակոչելով ԱԺ կանոնակարգի 52-րդ հոդվածը, որը սահմանում է նախագահողի լիազորությունները, իրավական ձևի տեսակետից վիճարկում ենք, որ դա բավարար որոշակի չէ և տալիս է հնարավորություն, որ նիստը նախագահողը չարաշահի իր լիազորությունները:
Հիշատակված հոդվածը սահմանում է, որ նիստը նախագահողի օրինական պահանջը չկատարելու, քննարկվող հարցից ելույթում շեղվելու, վիրավորական արտահայտություն անելու, Ազգային ժողովի նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու դեպքում նախագահողն իրավունք ունի պատգամավորի նկատմամբ կիրառելու կարգապահական միջոցներ: Օրինակ՝ նախազգուշացում, խոսափողի անջատում, մինչև օրվա ավարտը կամ մինչև 7 օր նիստերի դահլիճում ներկա լինելու իրավունքից զրկում:
Անցնող շաբաթ Ազգային ժողովի նախագահը վարչապետի հասցեին որակում հնչեցնելու համար նախազգուշացում է հայտարարել, ապա դահլիճից հեռացրել «Պատիվ ունեմից» Աննա Մկրտչյանին: «Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Հովակիմյանի կարծիքով՝ խորհրդարանի ղեկավարի գործողությունները միտված են եղել նիստերի բնականոն ընթացքն ապահովելուն:
Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրելու որոշման սահմանադրականությունը վիճարկելու հարցով դիմումը ՍԴ է ներկայացվել օգոստոսի 10-ին: