Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի տարածքով հոսող Գավառագետն ավելի քան 100 օր մեկուսացրել էր գյուղի մի ամբողջ թաղամասի բնակիչներին: Այս տարվա գարնանը վարարած գետը քշել տարել էր թաղամասը գյուղին կապող կամուրջը՝ մինչդեռ այն գյուղացիների անցուդարձի միակ հարմար տարբերակն էր:
Եթե գետը հատելով մի ափից մյուսը գնալը երեխաների համար զվարճալի արկած էր, ապա մեծահասակների համար՝ լրացուցիչ դժվարությունների և մտահոգությունների առիթ:
Ավելի քան 3 ամիս գյուղից մեկուսացած թաղամասի բնակիչները ոգևորությամբ են հետևում նոր կամրջի կառուցմանը: Վերջապես վերականգնվելու է նորմալ հաղորդակցությունը գյուղի հետ, անասնապահներն ստիպված չեն լինելու շրջանցիկ ճանապարհներով անասուններին արոտավայրեր տանել:
Կամրջի կառուցման համար 7 մլն 500 հազար դրամ հատկացրել է Գեղարքունիքի մարզպետարանը և 400 հազար դրամ՝ Գեղարքունիքի համայնքապետարանը: