«Աֆղանստանը դուրս է գալիս վերահսկողությունից»: Սա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի վերջին շրջանում Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումների ընդհանրական գնահատականն է:
Անտոնիո Գուտերեշ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար - Միայն վերջին մեկ ամսում ավելի քան 1000 մարդ է զոհվել և վիրավորվել: Առնվազն 241 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները: Հիվանդանոցները ծանրաբեռնված են, սննդի և բժշկական մատակարարումները բավարար չեն: Ճանապարհները, կամուրջները, դպրոցները, հիվանդանոցները և այլ առանցքային ենթակառուցվածքներ ավերված են:
ՄԱԿ գլխավոր քարտուղարը թալիբներին կոչ է արել դադարեցնել հարձակումներն ու նստել բանակցությունների սեղանի շուրջ։ «Թալիբանը», սակայն, մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական չի տվել:
Ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի որոշումը ճակատագրական դարձավ Աֆղանստանի համար: Թալիբները նախաձեռնեցին աննախադեպ հարձակում՝ մեկը մյուսից հետևից իրենց վերահսկողության տակ վերցնելով տարբեր շրջաններ: Աֆղանստանի կառավարական ուժերը, սակայն, պատրաստ չէին այս աննախադեպ գործողություններին:
Այս ամենի հետևանքով թալիբներն էական առաջխաղացում ունեն, իսկ Աֆղանստանի կառավարական ուժերը շատ շրջաններում լուրջ դիմադրություն չեն ցուցաբերում՝ հանձնվելով կամ դիմելով փախուստի: Միայն վերջին ամիսներին թալիբներին հաջողվել է իրենց վերահսկողության տակ վերցնել երկրի տարածքի 70 տոկոսը: Ընդ որում՝ թալիբների վերահսկողության տակ են երկրի մի շարք խոշոր քաղաքներ՝ Քանդահարը, Հերաթը, Կունդուզը և այլ: Ուշագրավ է, որ «Թալիբանը» ներկայումս վերահսկում է ավելի շատ տարածք, քանի 2001 թվականին, երբ սկսվեց Ամերիկյան ռազմական ինտերվենցիան: Աֆղանստանի նախագահն ահազանգում է՝ թալիբները մայրաքաղաք Քաբուլից 40 կիլոմետր են հեռու:
Աշրաֆ Ղանի, Աֆղանստանի նախագահ - Ես կանեմ ամեն ինչ, որ կանխվի անմեղ մարդկանց հետագա սպանություններն աֆղան ժողովրդին պարտադրված այս պատերազմում: Ես լայնածավալ խորհրդակցություններ եմ սկսել քաղաքական առաջնորդների և միջազգային գործընկերների հետ: Շուտով կներկայացնեմ արդյունքները:
Ստեղծված ճգնաժամային իրավիճակում մի շարք երկրներ շտապում են Աֆղանստանից տարհանել իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները: Դանիան, Նորվեգիան փակել են դեսպանությունները և տարհանում են իրենց քաղաքացիներին: Միացյալ նահանգները և Գերմանիան կրճատում են ներկայացուցիչների թիվը: ԱՄՆ քաղաքացիների անվտանգ տարհանման համար Վաշինգտոնը մտադիր է Քաբուլի օդանավակայանում ժամանակավորապես տեղակայել 3000 զինծառայող: Ռուսաստանը և Իրանը, որոնք ավելի վաղ ընդունել էին նաև «Թալիբանի» պատվիրակություններին, հայտարարել են, որ չեն պատրաստվում Քաբուլից տարհանել իրենց դեսպանությունները:
Փորձագիտական կանխատեսումները վատատեսական են. չի բացառվում, որ թալիբները Քաբուլը կարող են նվաճել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման վերջնաժամկետից էլ շուտ: