Տեղահանված արցախցիների համար «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Իվանյանում երկու նոր բնակավայր է կառուցվում: Առաջին թաղամասում եռահարկ բնակելիներ են՝ ամեն շենքում՝ 12 բնակարան:
Դավիթ Սահակյան (նախագծի հեղինակ) - Շենքերը լինելու են 2 տեսակի՝ 3-4 սենյականոց բնակարաններ և 2-3 սենյականոց բնակարաններ: 2 սենյականոց բնակարանները լինելու են 65-70 քմ մակերեսով, 3 սենյականոցը՝ 80-86 քմ, իսկ 4 սենյականոցը՝ 100-106 քմ:
Միայն բնակելիների շինարարության արժեքը կազմում է մոտ 4 մլրդ 547 մլն դրամ: Աշխատանքների ընթացքին հետևել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Այս թաղամասում կհաստատվեն օկուպացված Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի բնակիչները:
Արամ Սարգսյան (Արցախի քաղաքաշինության նախարար) - Պլանավորվում է նույն տարածքում կառուցել ևս 10 շենք՝ նույն նախագծով:
Շինարարությունն իրականացնում է 8 ընկերություն: Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը վստահեցրել է՝ 2022-ի սեպտեմբեր-հոկտեմբերին շենքերը պատրաստ կլինեն:
Արամ Սարգսյան - Մի քանի շենքում ժամանակացույցից հետ ենք, բայց պայմանագրով նախատեսված ավարտը միանշանակ լինելու է:
Նույն ժամկետում պետք է պատրաստ լինի Իվանյան գյուղի երկրորդ թաղամասը: Կառուցվելիք 90 առանձնատանը կապրեն Ասկերանի շրջանի Ուղտասարի և Մարտակերտի շրջանի Նոր Մարաղայի բնակիչները:
Հովիկ Մայիլյան (նախագծի հեղինակ) - Ըստ նախագծի՝ գյուղում նախատեսվում է ունենալ զբոսայգի, մանկապարտեզ պետք է կառուցվի, առանձին փոքր մարզադաշտ և վարչական շենք, որը կունենա փոքր բուժկետ:
Թաղամասի նախագծի որոշ մանրամասներ Արցախի նախագահը տեղում քննարկել է քաղաքաշինության նախարարի և նախագծողների հետ: Արդյունքում որոշել են փոքր ընտանիքների համար 4 սենյականոց տները ձևափոխել երկու հատ 2 սենյականոցի:
Հովիկ Մայիլյան - Մի առանձնատունը՝ առանձին երկու մուտքով: Ամեն ընտանիք իր առանձին հողամասն է նաև ունենալու:
Տնամերձ հողամասի մակերեսը կկազմի 1200 քմ, որտեղ բնակիչները հողագործությամբ զբաղվելու հնարավորություն կունենան: