Արցախի Բերդաձորի ենթաշրջանի բոլոր ընտանիքները 3-ական ոչխար են ստացել: Բարեգործական ծրագրի շահառուները պարտավորվում են պահել մանր եղջերավորները, որ զբաղմունք ու եկամուտ ունենան:
Սերովբե եպիսկոպոս Իսախանյան, ՀԱԵ Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ - Նվազագույնը երկու տարի մենք իրենց պարտավորեցրել ենք պայմանագրով, եթե այսպես կարելի է ասել, որ ոչխարները չմորթեն, չվաճառեն: Հուսանք, այլ պատահարներ չեն լինի: Եվ հետո, եթե բազմացնեն, օգտակար կլինեն իրենց ընտանիքներին:
Արցախի կառավարության առաջարկին արձագանքել է հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի հայոց թեմը՝ ամբողջությամբ ֆինանսավորելով այն:
Գրիշա Հովհաննիսյան, Արցախի Շուշիի շրջվարչակազմի ղեկավար - Եթե գյուղացի է, պետք է զբաղվի գյուղատնտեսությամբ: Իսկ մեր աշխարհագրական և բնակլիմայական պայմանները հիմնականում նպաստավոր են անասնապահության համար, հատկապես՝ ոչխարաբուծության համար: Հետևաբար, մեր գերակա խնդիրն է, որպեսզի աջակցենք, խթանենք այդ ծրագիրը, որպեսզի ժողովուրդը կարողանա ինչ-որ չափով եկամուտ ստանա:
Ծրագրից կօգտվեն նաև պատերազմի հետևանքով տեղահանված, բայց հետո գյուղեր վերադարձած ընտանիքները: Եղցահող համայնքի ղեկավարը վստահեցնում է՝ անասնակերի խնդիր չեն ունենա:
Արտակ Հակոբյան, Արցախի Եղցահող համայնքի ղեկավար - Կուտակման աշխատանքները կատարվել են, խոտի հավաքը նորմալ կազմակերպվել է:
Բարեգործական այլ նախաձեռնություններով Շուշիի շրջանի Եղցահող, Հին շեն, Մեծ շեն և Լիսագոր համայնքներում բաժանվել են գոճիներ, հավեր և մեղվափեթակներ: Իսկ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը լրացրել է կենցաղային տեխնիկայի պակասը:
Սերովբե եպիսկոպոս Իսախանյան - Հողը մարդով է արժեվորվում, և եթե Արցախի այս գյուղերն ուզում ենք պահել, առաջին նախապայմանն այդ գյուղերում բնակչություն ունենալն է: Այս գյուղացիներին օժանդակության, աջակցության կարիք կար և, հետևաբար, ես սիրով ընդառաջեցի այդ առաջարկին:
Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի հայոց թեմը նաև ֆինանսավորել է Ավոյի աղբյուրը Մարտունի քաղաքի ջրացանցին կապող ջրատարի շինարարությունը: