ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆԻ ՇՈՒՐՋ ՍԿԱՆԴԱԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆենդիյար Վահաբզադեի շուրջ սկանդալը շարունակվում է: Նա հայտարարել է, որ չի զղջում Ռուսաստանի Պետդումայի և Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկուն և ռուս ժողովրդին վիրավորելու համար:
Ադրբեջանական էլեկտրոնային աղբյուրներից մեկին տված հարցազրույցում Վահաբզադեն նշել է, որ Ժիրինովսկին մի քանի անգամ վիրավորանքներ է հնչեցրել ադրբեջանցի ժողովրդի հասցեին, և ափսոսանք է հայտնել, որ մինչ օրս նա արժանի պատասխան չի ստացել:
«Ժամանակին նա ասում էր, որ Ադրբեջանում 8 մլն ոչխար է ապրում։ Հետո ասում էր, որ նրանք դարձան 9 մլն։ Ինչպես կարող է լինել, որ երբ ադրբեջանցիներին ոչխար են անվանում, դա վիրավորանք չէ, իսկ երբ ես ասում եմ «խոզ», վիրավորանք է համարվում»,- նշել է Վահաբզադեն։
Վահաբզադեն նաև նշել է, որ Ադրբեջանի ԱԳՆ բողոքի նոտան, ի պատասխան Ժիրինովսկու հայտարարությունների, թույլ է։ Դա նույնիսկ բողոքի նոտա չէ։ «Որևէ մեկը պետք է պատասխաներ Ադրբեջանի ու նրա ղեկավարության հասցեին հնչած վիրավորանքներին»,- ասել է նախկին դեսպանը:
Վահաբզադեի հայտարարությունները բուռն արձագանք են ստացել Ռուսաստանում, այդ թվում՝ քաղաքական շրջանակներում: Ի պատասխան դիվանագետի վիրավորանքների՝ ՌԴ ներքին գործերի նախարարությունը նրան 50 տարով արգելել է մուտք գործել Ռուսաստան։
ԿԱՆԱԴԱՆ ՄՏԱԴԻՐ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՄՈՏ 20 000 ՓԱԽՍՏԱԿԱՆ ԱՖՂԱՆՍՏԱՆԻՑ
Կանադայի իշխանությունները մտադիր են ընդունել աֆղանստանցի շուրջ 20 հազար փախստական, ովքեր այդ կարգավիճակում են հայտնվել ծայրահեղական «Թալիբան» շարժման գործողությունների հետևանքով: Այս մասին հայտարարել է Կանադայի ներգաղթի, փախստականների և քաղաքացիության հարցերով նախարարության մամուլի ծառայությունը:
Տարբեր տվյալներով՝ ծայրահեղական «Թալիբան» շարժման զինյալները վերահսկում են Աֆղանստանի 60-85 տոկոսը, այդ թվում՝ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմանակից հատվածները: Օրերս թալիբները հայտարարել են մի շարք խոշոր քաղաքներ, այդ թվում՝ Քանդահարը ու Գերատանը գրավելու մասին:
ԳՈՒՏԵՐԵՇԸ ԹԱԼԻԲՆԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ
Աֆղանստանում իրավիճակը անվերահսկելի է դառնում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Նա հավելել է, որ միայն անցյալ ամիս ռազմական գործողությունների հետևանքով զոհվել կամ վիրավորվել է ավելի քան 1000 մարդ, 241 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները:
Գուտերեշը թալիբներին կոչ է արել անհապաղ դադարեցնել հարձակումը և բանակցություններ սկսել՝ ի շահ Աֆղանստանի և նրա ժողովրդի: Նրա խոսքով՝ միայն աֆղանստանցիների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են երկրում կայուն խաղաղության հանգեցնել, և ՄԱԿ-ը պատրաստ է աջակցելու այդ երկխոսությանը: