Դեպի Միացյալ Նահանգներ, Բելգիա, Կանադա, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Սուրինամ, Ռուսաստան, Օման Հայաստանից մեղրի արտահանումը կտրուկ ավելացել է: Արտահանողների թիվը՝ ևս: Հիմա Հայաստանից տարբեր ուղղություններով 11 կազմակերպություն մեղր է արտահանում:
Գեորգի Ավետիսյան (Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար) - Հունվարի 1-ից մինչև այս պահը մոտ 65 տոննա մեղր է արտահանվել 8 երկիր: Երկրներ կան, որ նոր ենք արտահանում:
2020-ին արտահանվել էր ընդամենը 19 տոննա մեղր: 2019-ին Հայաստանին հաջողվեց նույնականացնել նաև Չինաստանի հետ անասնաբուժական հավաստագրերը և մեղր արտահանել նաև Չինաստան: Տարիներ առաջ մեղրի արտահանման որոշ խնդիրների հետևանքով չինական կողմն արգելել էր արտահանումը: Հիմա արտահանողների ցանկում այդ ուղղությամբ երկու արտահանող ընկերություն է գրանցվել: Հույս կա, որ առաջիկայում նաև ձուկ կարտահանվի եվրոպական երկրներ:
Գեորգի Ավետիսյան - Ամեն տարի իրականացնում ենք մեղրի և ձկան մոնիթորինգ՝ մնացորդային նյութերի հայտնաբերման մասով, որը մեզ թույլ տվեց մեղրի արտահանումը դեպի Եվրոպա բացել: Հուսով ենք՝ մոտակա ժամանակահատվածում կկարողանանք նաև ձկան արտահանումը բացել:
Հայաստանում, ըստ օպերատիվ հաշվարկների, կա 237 հազար փեթակ, տարեկան արտադրվում է մոտ 3500-4000 տոննա մեղր, այն համարվում է բազմածաղկափոշային՝ ասում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական առաջնային արտադրանքի մասնագետը: Մեղվապահությամբ սկսել են զբաղվել երիտասարդները: Ոլորտի նկատմամբ հետաքրքրություն առաջացրել են նաև պետական աջակցության ծրագրերը:
Տիգրան Ալեքսանյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետի տեղակալ) - Լիզինգի պայմաններով՝ մեղվաբուծությամբ զբաղվող տնտեսվարողներին հատկացվում են մինչև 1 միլիարդ դրամի սահմաններում սարք-սարքավորումներ: Այստեղ տարբերակը լավ է նրանով, որ որպես գրավի առարկա հանդես է գալիս ձեռք բերվող սարքավորումը:
Ե՛վ լիզինգով, և՛ սուբսիդավորվող պայմանների դեպքում գումարը հատկացվում է անտոկոս՝ ասում է ոլորտի մասնագետը: