Կիրառի՛ր գիտելիք և փորձառություն հանուն հայրենիքի զարգացման: Հայկական կրթական մարտահրավերները միավորել են Հայաստանի, Արցախի և սփյուռքի մի խումբ դասախոսների և ուսուցիչների: 2019 թ. մեկնարկած Edu Armenia հայ կամավորների ծրագրով իրականացվում են անվճար վերապատրաստումներ, նաև՝ ստեղծվել է համահայկական կրթական բարեփոխումների ցանց:
Լիլիթ Մկրտչյան (նախաձեռնության հիմնադիր) - Այս տարի մեր հետաքրքրության կենտրոնում հայտնվել են նաև գիտությունը, տնտեսությունը և հասարակությունը, այսինքն՝ փորձում ենք ամենի կապը ստեղծել ամբողջի, թե կրթությունը հասարակությանն ու տնտեսությանը ինչ կարիքներ ու պահանջներ ունի, և կրթությունը ինչի պետք է հասնի այդ կարիքները բավարարելու համար:
Նախագծի հիմնադիր, պատմագիտության թեկնածու Լիլիթ Մկրտչյանը նշում է՝ ծրագիրն ընդլայնվել է, վերապատրաստողների թիմին միացել են թարգմանիչները: Թարմացվում է մասնագիտական արդի գրականության ցանկը:
Լիլիթ Մկրտչյան - Edu Armenia-ի հայ կամավոր թարգմանիչ ուսուցիչները թարգմանում են արդի մեթոդական գրականությունը, տեղայնացնում ենք և նաև փորձում ենք հայ դասավանդողին մատուցել նոր մեթոդաբանություն, նոր նյութեր, որը, կարծում ենք՝ նաև ձեռնարկի տեսքով կտպագրենք:
Հարթակն ակտիվ գործունեություն է ծավալել հատկապես համավարակի պայմաններում: Ուսումնասիրվել են նաև հեռավար կրթության մեթոդները: Վերապատրաստողների շարքում են սփյուռքի լավագույն կրթօջախների առաջատար 50 խոսնակ: Նրանց օգնությամբ ուսուցիչները ծանոթանում են կրթության նորարարություններին, ներկայացնում մասնագիտական փորձը:
Ամալյա Վարդանյան (նախաձեռնության թարգմանիչների խորհրդի նախագահ) - Դասընթացը կոչվում էր արդյունավետ դասավանդման մեթոդիկա: Ես ինքս էլ որպես խոսնակ էի հրավիրված և ներկայացնում էի դասարանի կառավարում թեման: Բոլոր նորարարական մեթոդները թարգմանում ենք, տեղադրում Edu Armenia.org կայքում:
Նախագծի արդյունքներն ամփոփվել են Հայաստան-Արցախ-սփյուռք աշխատաժողովներով: Նախանշվել են կրթության որակի բարձրացմանն ուղղված հետագա քայլերը:
Հեղինակ՝ Ալմաստ Մուրադյան