ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության աշխատակիցները և ՀՀ ոստիկանության կարգախմբերը համատեղ իրազեկման աշխատանքներ են իրականացնում հանրապետության ողջ տարածքում՝ տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց շրջանում։
Համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետի՝ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ կարող են կատարել տվյալ փոխադրումների և տեխնիկական վիճակի պահանջներին համապատասխան ավտոտրանսպորտային միջոցներ ունեցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք` լիցենզիայի առկայության դեպքում:
Տեսչական մարմնի կողմից կատարվող իրազեկման աշխատանքները միտված են օրենքի վերոնշյալ պահանջի կատարումն ապահովելուն։ Իրազեկման աշխատանքների ընթացքում տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից տրվում են ծանուցագրեր ու բանավոր ցուցումներ, որպեսզի տաքսամոտորային փոխադրումներ իրականացնողները ողջամիտ ժամկետում ստանան գործունեության լիցենզիա ու լինեն տեսչական մարմնի վերահսկողության տիրույթում:
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 6․1-րդ հոդվածի համաձայն՝ տեսչական մարմինն իր իրավասության սահմաններում վերահսկողություն է իրականացնում ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի իրավական ակտերի, լիցենզիաների և միջազգային թույլտվությունների պահանջների կատարման նկատմամբ։ Տեսչական մարմնին տրված է նաև վերոնշալ օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվության միջոցներ կիրառելու իրավասություն, սակայն ՔՏՀԱՏՄ-ն այս փուլում դեռևս իրազեկման աշխատանքներ է կատարում։
Տեսչական մարմինը, ելնելով իր գործառույթներից, տաքսամոտորային փոխադրողներին հորդորում է հնարավորինս սեղմ ժամկետում ստանալ օրենքի պահանջներին համապատասխան գործունեության լիցենզիա։
Նշենք, որ լիցենզիայի տրամադրումը կարգավորվում է ՀՀ Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1471-Ն որոշմամբ։ Ըստ այդմ՝ ՀՀ-ում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորումն իրականացնում է տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմինը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Լիցենզիան տրվում է տրանսպորտի բնագավառում պետական լիազորված մարմնի կողմից՝ անվճար, պետական տուրք չի գանձվում։ Լիցենզավորող հանձնաժողովի կողմից հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում է լիցենզավորման պայմաններին և պահանջներին համապատասխանության ուսումնասիրություն, և դրանց համապատասխանության դեպքում տրամադրվում է լիցենզիա։