Ջուրը Սևանինն է, ուղղությունն այս կետից՝ դեպի այգիներ։ Ոռոգման խոր առուն տվյալ պահին օրվա կտրվածքով միջինը 1 մլն խմ ջուր է տեղափոխում։
Լճից դուրս եկող համակարգը մայրուղին կտրում է Գեղարքունիք-Կոտայք սահմանից քիչ հեռու՝ ճամփեզրյա խորտկարաններից մեկի հետնաբակում։ Վարպետ Աղվանն ասում է՝ գարնանն ինչ ջրարգելակները բացել են, մի օր շատ, մի օր քիչ, անդադար հոսում է։
Ջրատարը կարող է Սևանից հանել օրը մինչև 3,2 մլն խմ ջուր։ Անկախ հանգամանքից, որ երաշտի պատճառով կառավարությունը նախորդ շաբաթ թույլատրեց լճից ջրբացթողնման ծավալը 170-ից հասցնել 245 մլն խմ-ի, փորձում են օրվա մաքսիմալ քանակը չվերցնել, վստահեցնում է Ջրային կոմիտեի ղեկավարը։
Կարեն Սարգսյանը թվարկում է Սևանից լրացուցիչ ջրառի պատճառները․ նախ՝ շոգերը շուտ վրա հասան, գյուղացին սովորականից 10-15 օր շուտ ոռոգում ուզեց։ Որ արևը ծառերն ու բանջարանոցը չչորացնի, ստիպված է ավելի հաճախ ջրել։ Ջրի պահանջարկն ավելացրել է նաև մշակվող հողերի 1500 հա-ով ավելանալը, ցորենի արտի տեղում ջուր սիրող ձմերուկ ցանելը: Տարին էլ, հակառակի պես, տեղումնառատ չէր. ջրամբարները քիչ լցվեցին, շուտ դատարկվեցին․ Մարմարիկում, օրինակ՝ ջրի մնացորդն իջել է արդեն 18 տոկոսի, Ախուրյանում՝ 19, Ապարանում՝ 23։
Տվյալները սփոփիչ չեն, այնպես որ, առանց Սևանի երկրում ոռոգում կազմակերպել հնարավոր չէ, մինչև ջրամբարաշինության մեծ ծրագիր չիրականացվի։ Ներկա տեմպով՝ օրը մոտ 1 մլն խմ. մոտ 5 օրից արդեն կսկսվի լրացուցիչ ջրաքանակի բաց թողումը։
Ի դեպ, գործադիրը նախորդ օրերին, այնուամենայնիվ, հասցրել է լրացնել օրենքը, ինչը նշանակում է՝ լճից դուրս եկող հավելյալ 75 մլն խմ ջրից Սևան-Հրազդան կասկադում արտադրվող էլեկտրաէներգիայի գումարը մնալու է ոռոգման համակարգում․ փողը կուղղեն 31 մլն խմ ծավալով խորքային հորեր աշխատեցնելուն։
Ջրվորները հույս ունեն՝ շուտ սկսված ոռոգման սեզոնը շուտ էլ կավարտվի․ գյուղատնտեսական տարին կարծես առնվազն կես ամսով առաջ է ընկել։ Այնպես որ, ջրի պահանջարկը հենց պակասի, շտապելու են փակել Սևանից ելքը. լիճը խնայեն, մինչև ուշ աշնանը հողագործը խաղողաթաղի համար ջուր ուզի։