Ջերմաստիճանի աննախադեպ բարձրացմամբ պայմանավորված՝ Ստեփանակերտում խմելու ջրի խնդիրը շարունակում է մնալ օրախնդիր:
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության և «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ հետ համատեղ ստեղծված աշխատանքային խումբը գիշեր-ցերեկ ջուր է մատակարարում Ստեփանակերտի բնակիչներին:
Որոշակի ժամանակացույցով ջուր մատակարարելու համար ծառայությունը գործի է դրել ամբողջ ներուժը:
Հրշեջ մեքենաները շրջում են փողոցներով և խմելու կենարար ջուրը հասցնում բնակչությանը: Փրկարարներն օգնում են նաև տարեց և հաշմանդամության խնդիր ունեցող մարդկանց:
Այս պահին ջրի խնդիր ունի մայրաքաղաքի մոտ 30 տոկոսը: ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով՝ ջրամատակարարումը կիրականացվի այնքան ժամանակ, մինչև վերջնականապես լուծում կստանա խմելու ջրի հարցը:
Երեկ ջրամատակարարումը շարունակվել է առավոտից ուշ գիշեր, վերսկսվել՝ լուսաբացին: Աշխատանքին հետևել է ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը: