Սամվել Մարտիրոսյան (Տեղեկատվական անվտանգության մասնագետ) - Facebook շատ մեծ քանակի գովազդի գումար է մտնում, ու այդ գումարը ցնդում է, Հայաստանից դուրս է գալիս: Նույնը վերաբերում է Google-ին:
Պետական եկամուտների կոմիտեի մշակած օրենքի նախագիծը հնարավորություն կստեղծի այդ գումարների մի մասը հարկի տեսքով ուղղել պետական բյուջե: Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով՝ Google-ը, Facebook-ը և Հայաստանում ոչ ռեզիդենտ նմանատիպ այլ ընկերություններ ֆիզիկական անձանց օնլայն ծառայություն մատուցելու դիմաց ավելացված արժեքի հարկ կվճարեն:
Լուսինե Այվազյան (ՊԵԿ տեղեկատվական համակարգերի փոփոխությունների կառավարման և ազդեցությունների գնահատման բաժնի պետ) - ԱԱՀ-ի հաշվարկումն ու վճարումն իրականացվելու է կամավորության սկզբունքով, ՊԵԿ-ի կողմից ուսումնասիրվել է մոտ 60 պետության միջազգային փորձը և պարզվել է, որ բոլոր պետություններում գրանցվել է հարկային մուտքերի աճ: Թե որքան մուտքերի աճ կգրանցվի Հայաստանի Հանրապետությունում, այս պահին դժվար է գնահատել:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ օրենսդրական փոփոխությունը տնտեսական առումով դրական է, սակայն մտավախություն ունի, որ այն կարող է ծառայությունների արժեքի բարձրացման պատճառ դառնալ:
Սամվել Մարտիրոսյան - Խոսքը հենց, օրինակ՝ ֆեյսբուքյան գովազդի մասին է, որովհետև փաստացի 20% ավել է Google-ը վերցնելու, հետո հետ փոխանցի:
Պետական եկամուտների կոմիտեից հավաստիացնում են՝ քաղաքացիներն իրենց մատուցված ծառայությունների համար կշարունակեն վճարել նույն գումարը, ավելին, ֆիզիկական անձինք անգամ նոր կարգավորման փոփոխությունը չեն զգա. ողջ գործընթացը տեղի կունենա միջազգային ընկերության և ՊԵԿ-ի միջև:
Լուսինե Այվազյան - Սա Apple-ի կողմից ֆիզիկական անձին ներկայացված ինվոյսն է: Ինչպես տեսնում եք, արդեն ինվոյսի մեջ կա 20% ԱԱՀ-ի գումար, այսինքն՝ գնային առումով ծառայությունների արժեքի վրա ոչ մի ազդեցություն չի ունենալու, ուղղակի ֆիզիկական անձանց կողմից վճարված ԱՀՀ գումարը կուղղվի պետական բյուջե:
Հայաստանի կառավարության և միջազգային ընկերությունների միջև արդեն ձեռք են բերված բոլոր պայմանավորվածությունները:
Լուսինե Այվազյանի խոսքով՝ չեն եղել հարկումից հրաժարվող ընկերություններ: Մշակված է նաև չափորոշիչը, ըստ որի պետք է որոշվի օգտատիրոջ՝ Հայաստանում գրանցված լինելը: Եթե տվյալների կեսը գրանցված է այլ երկրում, միջազգային ընկերությունը կորոշի, թե որ պետությանը վճարի ավելացված արժեքի հարկը:
Լուսինե Այվազյան - Էլեկտրոնային ծառայությունների մատուցման վայրի կողմնորոշման համար հիմք ենք ընդունում ֆիզիկական անձի գտնվելու վայրը, բանկի գտնվելու վայրը, IP հասցեն և հեռախոսահամարը:
Օրենսդրական կարգավորումը նախատեսվում է գործարկել 2022 թվականի ապրիլի 1-ից, իսկ մինչ այդ կառավարությունը կսահմանի էլեկտրոնային ծառայությունների ցանկը, որոնք կընկնեն այս հարկման պարտականության տակ:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան