Արցախցիներին հյուրընկալող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին աջակցության ծրագիրը մեկնարկել է մարտին: Նախատեսված էր իրականացնել երեք ամսով, բայց ժամկետը երկարացվել է ու գործելու է ներառյալ մինչև ամռան ավարտը: Տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում փաստացի բնակվող անձանց հյուրընկալելու դեպքում ծախսերի փոխհատուցում է տրամադրվում՝ յուրաքանչյուր չափահաս անձի համար 30 հազար դրամ:
Արտակ Հարությունյան (ԱՍՀՆ ինտեգրված սոցիալական ծառայությունների բաժնի պետ) - Իրավաբանական անձը համապատասխան կամ անհատ ձեռնարկատերը դիմում է Միասնական սոցիալական ծառայության կայքէջին կոնկրետ ամսաթվերին: Յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչև հաջորդ ամսվա 5-ը ներառյալ՝ ներկայացնում է տվյալներ, բանկային հաշիվ և հյուրընկալվող չափահաս անձանց վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև կցում է չափահաս անձանց անձը հաստատող փաստաթղթերի լուսապատճենները: Օրինակ՝ հուլիսին հյուրընկալելու համար պետք էր դիմել հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 5-ը ներառյալ: Պետական բյուջեից ծրագրի համար հատկացվել է 162 միլիոն դրամ:
Արտակ Հարությունյան - Ամիսներ կան, որ դիմում է մոտ 30 կազմակերպություն, ամիսներ կան՝ 10:
Հակոբ Աբրահամյանը կացարան էր տրամադրել Հադրութից տեղահանված 4 ընտանիքի՝ 18 հոգու: Հակոբը ծրագրի առաջին շահառուներից է:
Հակոբ Աբրահամյան («Փյունիկ հաշմանդամություն ունեցող անձանց միություն» ՀԿ նախագահ) - Մեկ ամիս փոխհատուցում տրվեց, և այս պահին Հադրութից տեղահանված ընտանիքները տեղափոխվել են Ստեփանակերտ ու փորձում են ինտեգրվել Ստեփանակերտում:
Այս ծրագրից բացի, հյուրընկալողներին աջակցման ևս երկու ծրագիր է իրականացվում: Առաջին միջոցառումը նրանց համար է, ովքեր հյուրընկալել են Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքների բնակիչներին: Ծրագրի համար պետությունը հատկացրել է շուրջ 2.1 միլիարդ դրամ:
Իսկ 337 միլիոն դրամ բյուջե ունեցող երկրորդ ծրագրից օգտվում են նրանք, ովքեր հյուրընկալել են Արցախի վերահսկողության ներքո գտնվող, սակայն գույքը վնասված արցախցիներին: