Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ «Դիլիջան» ազգային պարկի վերջին շրջանի գործունեության վերաբերյալ ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել։ Խորհրդակցությանը մասնակցել են նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանը, նախարարության գլխավոր քարտուղար Գ․ Գուլյանը, ՇՄՆ Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության վարչության պետ Ո․ Գրիգորյանը, «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի պաշտոնակատար Ա․ Խլոյանը, տնօրենի տեղակալը, պահպանության բաժնի ղեկավարը, տեղամասերի պետեր և այլ ստորաբաժանումների ղեկավարներ։
Խորհրդակցության ընթացքում ՇՄՆ Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության վարչության պետը ներկայացրել է «Դիլիջան» ազգային պարկում 2020 թ․ և 2021 թ․ առաջին կիսամյակի ընթացքում կատարված իրավախախտումների վերաբերյալ թվային վերլուծություն, որին հաջորդել է անտառհատումների և անտառգողության իրավիճակի քննարկում, տրվել են մի շարք հանձնարարականներ։
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում մասնավոր տնտեսվարումն ու ձեռնարկատիրական գործունեությունը բացառապես օրենքի և իրավակարգավորումների շրջանակում կազմակերպելու համատեքստում նախարարն ազգային պարկի պատասխանատուներին հանձնարարել է կանոնակարգել տնտեսվարողների հետ իրավական հարաբերությունները, գույքագրել ու վերանայել վարձակալության պայմանագրերը, բնօգտագործման, ջրօգտագործման թույլտվությունները՝ բացառելով որևէ տեսակի ապօրինություն։
Հանձնարարվել է բարձրացնել տեղամասերում իրականացվող վերահսկողության և պահպանության որակը, բացահայտել բոլոր այն զարտուղի ճանապարհներն ու հանցավոր կապերը, որոնցով անտառներից փայտանյութ է դուրս բերվում։
«Բնության հատուկ պահպանվող տարածքներում մեր գլոբալ խնդիրը պետք է լինի կայուն զարգացման ապահովումը, նոր ծրագրերի իրականացումը, ռազմավարական հզորությունների զարգացումը, բայց մենք ստիպված ենք շարունակաբար քննարկել անտառհատումների ու անտառգողության դեպքերը։ Հաջորդ խորհրդակցությանը դեպքերի թվի նվազում չարձանագրելու դեպքում, կկիրառվի ամենախիստ վարչարարությունը, ընդհուպ մինչև աշխատանքից հեռացում»,-նշել է նախարարը։
Հանձնարարվել է առանձնակի հետևողական լինել բնապահպանական, քաղաքաշինական, հողաշինական նորմերի պահպանմանը վերաբերող հարցերում։ Պետք է գույքագրվեն ու ապամոնտաժվեն ապօրինի կառույցներն ու ճանապարհամերձ հատվածներում տեղադրված ժամանակավոր տաղավարները։
Առանձին անդրադարձ է կատարվել ազգային պարկի տնտեսական պոտենցիալի ամբողջական գույքագրման և իրացման խնդրին։ Նախարարի մոտ կայացած նախորդ քննարկումների արդյունքում որոշում էր կայացվել փայտանյութի մթերման մեխանիզմների փոփոխության վերաբերյալ։ Անտառի ներքին աշխատանքերը պետք է կազմակերպվեն բացառապես սեփական ռեսուրսների հաշվին, որպեսզի փայտանյութի բացթողումը և վաճառքը քաղաքացիներին իրականացվի ներքին պահեստից, ընդ որում այն գներով, որն իր մեջ կներառի մթերման ինքնարժեքն ու տեղափոխման ծախսերը։ Իսկ տնօրինած ռեսուրսների իրացման արդյունքում գեներացված ֆինանսական հոսքերը կուղղվեն աշխատավարձերի բարձրացմանը և ազգային պարկի սեփական կարողությունների հզորացմանը։