Մինչ 2020 թ. սեպտեմբերի 27-ը Արցախում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող զարգացման ծրագրերը պատերազմի օրերին վերափոխվեցին վերականգնմանն ուղղված ծրագրերով:
Հայկակ Արշամյան («Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն) - Առաջին հերթին մեծ հումանիտար օգնություն ցուցաբերեց Արցախին, տեղահանված արցախցիներին: Հիմա էլ շարունակվում են ծրագրերը այն հադրութցիների ու շուշեցիների համար, որոնք ստիպված դեռ այստեղ են:
Առաջնահեթությունը, սակայն, արցախցուն Արցախում տանիքով ապահովելն է: Թե կոնկրետ ինչ ծրագրերով ու ինչ ուղղություններում, Արցախի կառավարության հետ քննարկվել են 2-3 ամիս ու մարտից սկսվել են աշխատանքները:
Հայկակ Արշամյան - Հենց այս պահին Ստեփանակերտում և շուրջը կառուցում ենք 905 բազմաբնակարան շենքեր, կառուցում ենք նաև առանձնատներ:
Բազմաբնակարաններում իրենց նոր բնակարանը կունենան հիմնականում հադրութցիներն ու շուշեցիները, իսկ առանձնատների հասցեատերը կդառնան գյուղաբնակները, որոնք այս պահին էլի տնազուրկ են:
Հայկակ Արշամյան - Օրինակ՝ ուխտասարցիներին, այն արևելյան սահմանին է և այլևս Արցախի վերահսկողության տակ չէ: Բոլոր հողհատկացումներն էնպես են արել, որ գյուղացին գոնե տնամերձ ունենա:
Նախատեսում են մինչև տարեվերջ 250 բնակարան ավարտին հասցնել, մյուս տարվա ընթացքում էլ ավարտել մեկնարկած բոլոր շինարարությունները. արդյունքում ավելի քան 1000 ընտանիք նոր տանիք կունենա: Իսկ այս փուլում ակտիվ շինարարությամբ լուծված է շատ արցախցիների զբաղվածության հարցը:
Երկրորդ թիրախային ուղղությունը ճանապարհաշինությունն է, շեշտադրումը՝ անվտանգությունը:
Հայկակ Արշամյան - Խոսքը մոտավորապես 50 կմ -անոց ճանապարհի մասին է, որը միջհամայնքային ու միջպետական ճանապարհ է, ամենակարևոը 27 կմ-անոց ճանապարհն է, որը կենտրոնը կկապի Մարտակերտին և կկրճատի 20 րոպեով և շատ ավելի անվտանգ է:
Ուշադրությունից դուրս չեն մնում մյուս ոլորտները ևս՝ խմելու ջրից մինչև կրթություն:
Հայկակ Արշամյան - Խմելու ջրի մեծ ծրագիր ունենք 2 համայքում, նաև դպրոցաշինության հետ կապված հրատապ ծրագրեր կան:
Լավ ապագայի համար լավ կրթություն է պետք, Արցախի պետական համալսարանի վերանորոգման և կառուցման աշխատանքները ևս ծրագրերում են, 10 դպրոցներում էլ երկարօրյա կրթության համար նախատեսված դասասենյակների վերանորոգում և խոհանոցների կառուցում են սկսել:
Հայկակ Արշամյան - Ի վերջո, կարծում եմ՝ մինչև տարեվերջ Արցախում կիրականացնենք 30 մլրդ դրամի ծրագիր, որը համարժեք է 60 մլն դոլարի:
Սրանք արդեն մեկնարկած ծրագրերն են, շատերը դեռ քննարկման փուլում են, օրինակ՝ փոքրիկ ջերմոցային տնտեսություններ՝ գյուղացիների համար:
Հիմնադրամի տնօրենը նշում է՝ Արցախում ներդնելու գումարներ կան ու շարունակելու են ներդնել, շեշտում՝ հիմնադրամն այս հարցում միակը չէ՝ Հայաստանի կառավարությունը ևս մեծ աջակցություն ու ներդրումներ է անում:
Հույս ունեն՝ վերականգնողական ծրագրերից շուտով էլի կվերադառնան զարգացման ծրագրերին:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան