Անդրանիկ Հովհաննիսյան - Մենք այսօր անցանք հրդեհների մասին դաս:
Լոռու մարզի «Գուգարք» ճամբարում հանգստացող 180 երեխա ծանոթացել է հրդեհային անվտանգության կանոնների պահպանմանը: Նախաձեռնությունը Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնինն է:
Գևորգ Փիրոյան (ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետ) - Ճամբարներում մեր քարոզչության, այցերի կարևորությունն այն է, որ չոր եղանակներին երեխաները կարող են լուցկիներով խաղալ անտառներում, բացատներում, կամ սովորական ջրով լի շիշը նույնպես կարող է հրդեհի պատճառ հանդիսանալ: Փորձում ենք երեխաներին հասկացնել, որ բնության գրկում կրակի օջախներ չանեն, ապակիներ չկոտրեն
Երեխաներն արդեն գիտեն՝ ինչ պետք է անել հրդեհի բռնկմանն ականատես լինելու դեպքում:
Ալիք Չիրիշյան - Իմացա կարևոր բաներ, որ մենք պետք է ՀՀ բոլոր անտառնորում ապակե ու պլաստիկե շշեր չգցենք, որովհետև դա լուրջ վնաս կհասցնի մեր բուսականությանը: Նաև իմացա, որ կրակհանգիչները լինում են մի քանի տեսակի:
Ամառային հանգիստը այս տարի տարբեր ճամբարներում անցկացրած 1135 երեխա արդեն գիտի հրդեհների առաջացման պատճառների, անվտանգության կանոնների պահպանման, կրակմարիչների կիրառման մասին:
Գևորգ Փիրոյան (ՔՏՀԱ տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետ) - Մեր այցերը պարբերական են, նման այցեր մենք ունեցել ենք նաև 2019-2020 թթ., այցելում ենք նման կրթադաստիարակչական վայրեր, ճամբարներ, փորձում ենք երեխաների և ջոկատավարների հետ զրուցելով հասկացնել, որ չի կարելի կրակի հետ խաղալ, բնության գրկում կրակ վառել
Երեխաները ծանոթացել են ոչ միայն հրդեհային անվտանգության կանոններին, այլև պատրաստվել նաև հնարավոր այլ արտակարգ իրավիճակների:
Լիլիթ Խանամիրյան (ջոկատավար) - Արդեն չորրորդ հերթափոխն է, որ անցնում է ճամբարում, այս չորս հերթափոխերի ընթացքում տարբեր նմանատիպ զրույցներ ու դասընթացներ ենք ունեցել ճամբարում, որոնց թվում եղել են նաև երկրաշարժերի ժամանակ անվտանգության կանոնները, սովորել ենք՝ ինչ անվտանգության կանոններ կիրառել ականապատված տարածքներում:
Մի շարք սոցիալական խմբերի 7-13 տարեկան 3200 երեխա, որ Կառավարության որոշմամբ 20 օր ճամբարում է անցկացրել, սեպտեմբերից դպրոց կհաճախի և՛ ամառային հանգիստը լավ անցկացրած, և՛ զինված նոր գիտելիքներով: