Ֆրունզիկ Մկրտչյանի հայտնի լուսանկարով շապիկը վրացի պրոդյուսեր, «Վրաստանի և Հնդկաստանի մշակութային պալատի» հիմնադիր Դավիթ Բեժիտաշվիլին պատվիրել է հատուկ Երևան այցի համար: Այս շաբաթ «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպությունն ու «Վրաստանի և Հնդկաստանի մշակութային պալատը»՝ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ, ներկայացնում են «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» նոր վավերագրական ֆիլմը: Այն նվիրվում է Հնդկաստանի անկախության 75 և «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ հիմնադրման 10-ամյակներին: Ռանանջայ Անանդը փաստում է՝ երբևէ չհրապարակված փաստերը բացառիկություն են հաղորդում ֆիլմին:
Ռանանջայ Անանդ, «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ հիմնադիր նախագահ - Ֆրունզիկը չափազանց առանձնահատուկ կերպար է հայերի համար, բայց նա միայն հայերինը չէ: Նա կուռք է, որը փշրում է սահմանները: Կարծում եմ, որ նա մի մարդ է, որը միավորում է տարբեր մշակույթների, հայացքների ու արժեհամակարգի մարդկանց:
Այս ֆիլմը յուրօրինակ ճամփորդություն է դեպի անցյալ՝ Խորհրդային տարիներ, երբ Ֆրունզիկ Մկրտչյանը եզակի արտիստներից էր, որին հաջողվեց ճեղքել ԽՍՀՄ երկաթե վարագույրը և նկարահանվել Բոլիվուդի 2 հայտնի՝ «Ալի Բաբան և 40 ավազակները» և «Սիրո լեգենդ» ֆիլմերում: Դավիթ Բեժիտաշվիլին դեռ մանուկ հասակից է հիշում այն ահռելի սերը, որ կար հայ մեծ դերասանի հանդեպ Վրաստանում: Ասում է՝ ֆիլմում ներկայացնում են բոլորովին անհայտ փաստեր Ֆրունզիկի հնդկական նկարահանումների շրջանից, և փորձել են կոտրել նրա շուրջ ստեղծված կարծրատիպերը:
Դավիթ Բեժիտաշվիլի, «Վրաստանի և Հնդկաստանի մշակութային պալատի» համահիմնադիր - Մենք առնչվեցինք այդ լեգենդին, որը մեծ պատիվ է: Երջանիկ ենք ու հպարտ, բայց նաև գիտակցում ենք ահռելի պատասխանատվության չափը: Եվ ուզում էինք անել մի բան, որ դեռ չէր արվել, ուստի շրջանցել ենք նրա անձնական կյանքին առնչվող պատմությունները և էկրանավորել ենք Հնդկաստանի, Հայաստանի ու Վրաստանի սերը նրա հանդեպ:
Ֆիլմում մեզ անհայտ Ֆրունզիկին ներկայացնում են հայ, վրացական ու հնդկական մշակույթի լեգենդները՝ Սոֆիկո Չիաուրելին, Ռոլան Բիկովը ,Տիգրան Մանսուրյանն ու ուրիշներ: Օգտագործվել են նաև Դավիթ Բեժիտաշվիլիի անձնական արխիվից եզակի տեսաերիզներ, որոնցում Մհեր Մկրտչյանին հիշում են նրա խաղընկերները։
Հայտնությունները շատ են լինելու՝ խոստանում են ֆիլմի հեղինակները՝ հրավիրելով մի նոր հանդիպման մեծ արտիստի հետ, որը խորհրդանշում է բազմամշակույթ աշխարհը միավորող կապերը: