Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի մի մասի վրա կալանք է դրվել։ Այդ մասին տեղեկանում ենք իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրից։
Ըստ այդ տվյալի՝ օգոստոսի 4-ից արգելանք է դրվել կոմբինատի 2 061 253 հատ բաժնետոմսերի վրա։ Թե ինչ քրեական գործի շրջանակում է կիրառվել բաժնետոմսերի կալանքը, չի նշվում։ Բացի այս, կալանք է դրվել պղնձամոլիբդենային կոմբինատի 12.5 տոկոսի բաժնետեր «Զանգեզուր մայնինգ» ընկերության՝ կոմբինատում ունեցած բաժնետոմսերի վրա։
Ըստ ընկերության իրական սեփականատերերի ռեգիստրի տվյալների՝ «Զանգեզուր մայնինգի» բաժնետերը Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովն է, որն իր բաժնեմասը ձեռք է բերել 2020-ին՝ կիպրական Walnort Finance Limited ընկերության միջոցով։ «Զանգեզուր մայնինգի» բաժնեմասերի վրա դրված կալանքի հիմքերի մասին ևս մանրամասներ չկան։
«Զանգեզուր մայնինգն» անցյալ տարի դատական գործընթաց էր սկսել ընդդեմ կոմբինատի մյուս բաժնետերերի։ Ընկերությունը պահանջում էր կոմբինատի բաժնետոմսերի առքուվաճառքի մի շարք գործարքներ անվավեր ճանաչել, իսկ որոշ գործարքներում էլ որպես գնորդ նախապատվությունն իրենց տալ։ Դատարանը քննել ու մերժել էր ընկերության հայցը, իսկ պղնձամոլիբդենայինի տնօրենների խորհրդի նախկին անդամ, ներկայում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանը Զուրաբովի գործողություններն «ալոգիկ» էր որակել։ «Զանգեզուր մայնինգի» շահերի ներկայացուցիչ Միխայիլ Մկրտումյանը «Լուրերին» ասաց՝ «լիազորված չէ որևէ բան մեկնաբանել» բաժնեմասերի կալանքի հարցով։
Օգոստոսի 2-ին կալանք է դրվել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող այլ ընկերություններում ունեցած բաժնեմասերի վրա։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է «Լեռ-էքս» ՍՊԸ-ին, որը շահագործում էր Սյունիքի մարզի Հանքասարի պղինձ-մոլիբդենային հանքավայրը, որի հաստատված պաշարները կազմում են ավելի քան 2 միլիոն 762 հազար տոննա հանքաքար։ Հանքավայրը, որի ընդերքօգտագործման իրավունքը մինչև 2030 թվականն էր, 2014-ի վերջից սկսած չի աշխատում, արդյունահանում չի իրականացվում։ Վերջերս հայտնի դարձավ, որ «Լեռ-էքսն» սկսել է հանքավայրի փակման աշխատանքներ. ըստ պաշտոնական պարզաբանման՝ հանքի աշխատանքը շահավետ չի գնահատվել։
Հուլիսի 14-ին Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն էր անցկացրել պղնձամոլիբդենայինում, մի քանի աշխատակիցներ բերման էին ենթարկվել։ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտից «Լուրերին» հայտնել են՝ ԱԱԾ-ում քննվում է քրեական գործ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի մի խումբ աշխատակիցների կողմից Քաջարանի համայնքապետի և այլոց օժանդակությամբ՝ խարդախությամբ առանձապես խոշոր չափի գույք հափշտակելու, Քաջարանի համայնքապետի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, ինչպես նաև 2017-ի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման ընտրություններում ՀՀԿ-ի օգտին հնարավոր առավելագույն ձայներ ապահովելու նպատակով ընտրողներին կաշառք տալու դեպքերի վերաբերյալ»։
Այս գործով մեղադրյալներ են Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, որը ներկայումս կալանավորված է, նախկին փոխքաղաքապետ Արա Դավթյանն ու նրա կինը՝ Աննա Հակոբյանը, Քաջարանի բնակիչներ Վազգեն Ազարյանը, Շանթ Ալեքսանյանը, Նվեր Մկրտչյանը, Վահե Սողոմոնյանը, կոմբինատի իրավաբանական պայմանագրային ծառայության պետ Արա Ղոնյանը, անվտանգության պետ Արամ Գասպարյանը։
Այս գործով մեղադրյալներ են նաև Հայկ Մերուժանի Եղիազարյանն ու Արամայիս Հարությունի Պողոսյանը։