«Թիկունքը մշակույթ, սահմանը՝ կենտրոն» կարգախոսով Երգի պետական թատրոնը շրջում է Հայաստանի սահմանամերձ համայնքներով:
Համերգային ծրագիրը նվիրված է Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին: Միջոցառումներին մասնակցում են Երգի պետական թատրոնի նվագախումբը, արտիստները, ինչպես նաև նկարիչ Նարեկ Տեր-Արսենյանը, որի նկարներն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների անվանումներն են կրում:
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող ծրագրի նպատակը մեկն է՝ տարբեր միջոցառումներով ակտիվացնել մշակութային անցուդարձը սահմանամերձ շրջաններում: Արտիստները նկատում են՝ հանդիսատեսի շարքում մեծամասնություն են կազմում երեխաները, ինչը նշանակում է, որ եկող սերունդն արժևորում է հայկական որակյալ երաժշտությունը:
Մասնակիցների խոսքով՝ մարդիկ մեծ ոգևորությամբ ու ջերմությամբ են գալիս համերգներին, գալիս են մոռանալու առօրյա դժվարությունները: Հաջորդ համերգները Սյունիքի մարզում կլինեն: