Կիպրոսում, Եգիպտոսում, Հունաստանում, Մալդիվներում և Միացյալ Էմիրություններում հարյուրավոր հայաստանցիներ դժվար թե այս ամռանը հասցնեն հանգստանալ: Տուրիստական ընկերությունը խաբել է քաղաքացիներին. «Դավինչի» ընկերության դռներն այսօր ընդհանրապես չեն բացվել, զանգերին չեն պատասխանում, նրանց հետ կապվելու նաև «Լուրերի» բոլոր փորձերն էին ապարդյուն:
Րաֆֆի Ասլանյան (փաստաբան) - Առաջարկվել է շուկայականից շուրջ 30 տոկոս ավելի էժան տուրիստական փաթեթներ, և դրանով, ըստ էության, վստահություն են ձեռք բերել քաղաքացիների մոտ և, չարաշահելով այդ վստահությունը, խարդախությամբ հաշտակել են այդ գումարները: Գումարների կոնկրետ չափերի վերաբերյալ հստակ տեղեկատվություն չունեմ, բայց վստահաբար կարող եմ ասել, որ գործել է խարդախության ի սկզբանե պլանավորված և հստակ մեխանիզմ:
Գործակալությունը ծովափնյա հանգստի ուղարկելու պատրվակով մարդկանցից միլիոնավոր դրամներ է շորթել։ Լիլյան, օրինակ՝ կես միլիոնից ավելի է տվել Եգիպտոսում հանգստանալու համար: Ասում է՝ մեծ զեղչեր են խոստացել, փոխարենն ավելի վատ վիճակում է հայտնվել:
Լիլյա Գևորգյան (տուժած քաղաքացի) - Սա ի՞նչ է նշանակում, սա գողություն է: Գիտեք՝ գումարը դժվար, քրտինքով ես աշխատում և ուզում ես գնաս հանգստի: Ես ուզում եմ իմ գումարը տան, գնամ հանգստի, ես իրենց կներեմ: Պորտաբույծ մարդը չի կարող վայելի այդ գումարը: Ինչ գողացել են, չեն վայելելու:
Սեդան երկու տարի աշխատել, գումար է խնայել, որ հունական Կրետե կղզում 10 օրով 5 հոգանոց ընտանիքով կարողանա հանգստանալ: Իրենց դեպքում խնդիրն այլ է. օդանավ կարող են բարձրանալ, փոխարենը՝ հյուրանոց չեն կարող մտնել: 5-աստղանի հոթելն օգոստոսի 11-ին չեղարկել է ամրագրումները: Ըստ երևույթին՝ ընկերության կողմից ամբողջական գումարը չփոխանցելու պատճառով:
Սեդա Գասպարյան (տուժած քաղաքացի) - Մենք մնալու ենք փողոցում, որովհետև ոչ տրանսվեր ունենք, ոչ հյուրանոց: Ես չգիտեմ՝ ինչ անել: Ես հրավիրում եմ պատկան մարմինների ուշադրությունը, խնդրում եմ առավելագույնս հետևողական լինել՝ բացահայտելու այս ընկերության խարդախ գործունեությունը և վերադարձնելու մեր՝ տուժողներիս գումարները, որովհետև ես մենակ չեմ, պարզվում է՝ հարյուրավոր տուժողներ կան:
Թե «Դավինչիի» խարդախությունից կոնկրետ քանի հոգի է տուժել, դեռ պարզ չէ: Պարզ է միայն, որ քաղաքացիներն արդեն երկու օր է՝ անելանելի վիճակում են, չգիտեն ինչ անել, գումարն ումից պահանջել: Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը զարմանում է՝ քաղաքացիներն ինչպե՞ս կարող էին գումարը ոչ թե փոխանցումով, այլ առձեռն գործակալությանը տալ:
«Դավինչիից» տուժածները նախաձեռնել են բողոքի ակցիա: Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի նախաձեռնությամբ սկսվել է քրեադատավարական գործընթաց։ Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում արդեն քրեական գործ է հարուցվել: Այն շուտով կուղարկվի Քննչական կոմիտե: Փաստաբանը հանցավոր գործունեությունից տուժողներին հորդորում է անհապաղ դիմել իրավապահ մարմիններին: