ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԸ ՕԳՈՍՏՈՍԻ 20-ԻՆ ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ ԵՎ ԿԻԵՎ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օգոստոսի 20-ին կմեկնի Ռուսաստան, իսկ օգոստոսի 22-ին՝ Ուկրաինա: Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտին: Երկու այցերն էլ կտևեն մեկ օր: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերխի Նիկիֆորովը հայտնել էր, որ Անգելա Մերկելը և Վոլոդիմիր Զելենսկին կքննարկեն անվտանգության հարցերը և երկկողմ հարաբերությունները:
ՄԱԿ-Ը ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՉՓԱԿԵԼ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
Փախստականների գործերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակը Աֆղանստանի հարևան երկրներին կոչ Է արել չփակել սահմաններն այն աֆղանստանցիների համար, ովքեր փրկություն են փնտրում ռազմական գործողություններից: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Աֆղանստանում միայն այս տարվա սկզբից հարկադրաբար իր տունը լքել է շուրջ 400 հազար մարդ:
ՌԴ-Ն ՉԻ ԽԱԽՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ. ԼԱՎՐՈՎ
Ռուսաստանը, անձնագրեր տրամադրելով ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչներին, չի խախտում միջազգային իրավունքը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան նշում է, որ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի որոշելու, թե ով կարող է լինել նրա քաղաքացին: Այլ կոնվենցիաներում ասվում է, որ ցանկացած անձ իրավունք ունի ընտրել իր քաղաքացիությունը:
Լավրովն ընդգծել է, որ Ուկրաինայում հունգարացիները, լեհերը, ռումինացիներն ունեն իրենց պետությունների անձնագրերը և դա տասնամյակներ շարունակ ոչ ոքի մոտ հարցեր չի առաջացրել:
ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, փորձելով զսպել անտառային հրդեհների հետ կապված աճող դժգոհությունը, նոր նախարար է նշանակել, որը պատասխանատու է աղետի հետևանքների վերացման համար: Այս շաբաթ Միցոտակիսը ներողություն էր խնդրել հրդեհների դեմ պայքարը ձախողելու համար՝ տուժածներին տրամադրելով 586.95 մլն դոլար օգնություն:
Հունաստանում օգոստոսի սկզբից մոլեգնող հրդեհների պատճառով շուրջ 65.000 հա անտառ և հարյուրավոր տներ են ոչնչացվել: Հունաստանի երկրորդ մեծ կղզում՝ Էվիայում, հրդեհը դադարել է հինգշաբթի օրը տեղացած անձրևից հետո: Հրշեջ ծառայության աշխատակիցները հայտնել են, որ Էվիայում և Արևմտյան Պելոպոնեսի մայրցամաքային հատվածում և Հյուսիսային Ատտիկայում անտառային հրդեհները շարունակում են վերահսկողության տակ մնալ, սակայն շատ հրշեջներ մնացել են տարածքներում` հնարավոր բռնկումների դեմ պայքարելու համար: