ԹԱԼԻԲՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ՔԱՆԴԱՀԱՐԸ
«Թալիբան» արմատական շարժման ղեկավարությունը հայտարարել է Աֆղանստանի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Քանդահարի գրավման մասին: Սա լուրջ ձախողում է երկրի կառավարության, սակայն, մեծ հաղթանակ՝ թալիբ գրոհայինների համար: Աֆղանստանի երկրորդ խոշոր քաղաքը ժամանակին եղել է թալիբների վերահսկողության տակ. այն ռազմավարական կարևոր առևտրային հանգրվան է:
Այժմ թալիբների վերահսկողության տակ է գտնվում Աֆղանստանի հյուսիսային շրջանների մեծ մասը և երկրի շրջանային մայրաքաղաքների 1/3-ը:
Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների՝ Միացյալ Նահանգները մտադիր է մոտ 3000 զինվորական ուղարկել Աֆղանստան ԱՄՆ դեսպանության աշխատակազմի տարհանման գործընթացին աջակցելու համար:
ԼԱՏՎԻԱՆ ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Լատվիայի Պետական ոստիկանությունը հատուկ նշանակության գումարտակ է ուղարկել Բելառուսի սահման, որտեղ վերջին օրերին անօրինական ներգաղթյալների մեծ հոսք է նկատվում: Ոստիկանական գումարտակը աջակցություն է ցուցաբերելու Պետական սահմանապահ ծառայությանը սահմանի անօրինական խախտումները կանխելու գործում:
Օգոստոսի 6-10-ը Լատվիայի սահմանապահները բերման են ենթարկել 295 հոգու:
Լատվիայի կառավարությունը մինչև նոյեմբերի 10-ը արտակարգ իրավիճակ է հայտարարել Բելառուսի հետ սահմանին՝ սահմանապահներին լիազորելով հետ ուղարկել ներգաղթյալներին Բելառուս:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆԻ ՄՈՒՏՔԸ ՌԴ 50 ՏԱՐՈՎ ԱՐԳԵԼՎԵԼ Է
Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը Բելառուսում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիյար Վահաբզադեին 50 տարով արգելել է մուտք գործել ՌԴ։ Այս մասին հայտնում է ՌԴ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Հայտարարության մեջ ասվում է, որ Վահաբզադեի մուտքն արգելելու համար հիմք է հանդիսացել այն, որ նախկին դեսպանը ազգամիջյան ատելություն է հրահրել։
Բելառուսում Ադրբեջանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Իսֆանդիյար Վահաբզադեն կոշտ քննադատության է ենթարկել Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկուն և վիրավորել ռուս ժողովրդին:
ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ. ԿԱՆ ԶՈՀԵՐ
Առնվազն վեց մարդ Է զոհվել Մեծ Բրիտանիայի Փլիմութ քաղաքում հրաձգության հետ կապաված միջադեպի հետևանքով: Այս մասին նշված Է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը մահացել Է: Միջադեպի զոհեր են դարձել երկու կին և երկու տղամարդ, որոնք զոհվել են տեղում: Եվս մեկ տուժած մահացել Է հիվանդանոցում: Բացի դրանից, ոստիկանությունն ընդգծում Է, որ միջադեպը կապված չԷ ահաբեկչության հետ: Պատահարի վայրը շրջապատված Է, շրջանում ճանապարհային ցանցը փակ կլինի գիշերվա ընթացքում: Կատարվում Է պատահարի հետաքննություն: