Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է՝ Ադրբեջանն Արցախում հայկական դիրքերի ուղղությամբ հարվածային անօդաչուներ է կիրառել:
«2021 թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 07։29-ին և 07։58-ին, Ադրբեջանի զինված ուժերը հարվածային տեսակի ԱԹՍ-ների կիրառմամբ երկու հարված են հասցրել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերի ուղղությամբ։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկել իրավիճակի հետագա էսկալացիան թույլ չտալու համար: Անցկացվում է հետաքննություն»,- ասված է հայտարարությունում:
Պետք է արձանագրել, որ Ռուսաստանը Արցախում խաղաղապահ առաքելության մեկնարկից ի վեր առաջին անգամ հասցեական նշում է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարը, ինչը կարող է հստակ, սթափեցնող մեսիջ լինել Բաքվին, որ հետագա սադրանքների համար կարող են համարժեք գործողություններ լինել նաև ռուս խաղաղապահների կողմից: Արձանագրումն Ադրբեջանի հարցերով փորձագետինն է:
Տարոն Հովհաննիսյան (Ադրբեջանի հարցերով փորձագետ) - Այս հայտարարությունը կարևոր էր այդ առումով, որովհետև մանևրել կամ փորձել մեղմել իրավիճակն այս պարագայում Ռուսաստանը չի կարող, որովհետև ակնհայտորեն Ադրբեջանը նաև իր դեմ է խաղ սկսել, և պետք է դիմի հստակ քայլերի՝ արձանագրե՞լ, թե՞ չարձանագրել: Չարձանագրելը կբերի նրան, որ Ադրբեջանը նորից նման սադրանքների կդիմի:
Իսկ ո՞րն է Արցախի սահմանին ադրբեջանական սադրանքների ակտիվացման պատճառը: Արցախի ԱԳՆ-ն վստահ է՝ Ադրբեջանը փորձում է տարբեր մեթոդներով հոգեբանական ճնշում գործադրել արցախցիների նկատմամբ, ցույց տալ, թե իբր Արցախում անվտանգ չէ, և որ մի օր ուժով տիրանալու են Արցախին, և այդ ժամանակ ռուս խաղաղապահները չեն կարողանալու պաշտպանել մեզ, և նրանց ներկայությունը ժամանակավոր է:
Դավիթ Բաբայան (Արցախի ԱԳ նախարար) - Ռուս խաղաղապահներն այստեղ երկար են մնալու, կարծում եմ, որովհետև հակամարտությունը դժվար թե 3-4 տարում լուծվի, իսկ առանց խաղաղապահների իրավիճակը կայուն և խաղաղ չի լինի:
Արցախի ու Հայաստանի սահմաններին վերջին օրերին ադրբեջանական ուժերի ակտիվացումը Տարոն Հովհաննիսյանի գնահատմամբ՝ մի քանի նպատակ է հետապնդում. Ադրբեջանը խաղ է սկսել նաև խաղաղապահների դեմ:
Տարոն Հովհաննիսյան - Ստացվում է, որ եթե նման բան է կատարվում, ռուսական կողմը, ըստ իրենց, իրավիճակին չի տիրապետում: Հայաստանի պարագայում ստացվում է, որ ռազմական դաշնակից է, բայց Ադրբեջանը կարողանում է ագրեսիա իրականացնել Հայաստանի տարածքների նկատմամբ:
Սահմանին Ադրբեջանի կողմից կիրառված ծանր զինտեխնիկայի, անօդաչուների կիրառումը, ինչպես նաև Բաքվի պնդումը, թե Հայաստանը խախտել է եռակողմ համաձայնությունը և նոր ուժեր կենտրոնացրել Արցախում, միայն իրավիճակի տեխնիկական մասն է, պատճառն ավելի խորքային է՝ նկատում է Դավիթ Բաբայանը:
Դավիթ Բաբայան - Դա համընկավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Հայաստան այցի, Հայաստանի պաշտպանության նախարարի Մոսկվա այցի հետ, այսինքն՝ սա մի շղթա է: Հիմա արդեն սկսել են Իրանի դեմ ոտնձգություններ: Թուրքիան բավականին թեժ իրավիճակ է ստեղծում Աֆղանստանում:
Թուրք-ադրբեջանական տանդեմին պետք է մշտապես պատրաստ լինել՝ նշում է Բաբայանը, հնարավորություն կա չեզոքացնելու նրանց սադրանքները: Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպմանը հնչած ուղերձները ցույց են տալիս, որ Հայաստանը կարող է ստանալ Ռուսաստանի աջակցությունը: Խորհրդանշական էր Շոյգուի նվիրած դաշույնը Հայաստանի պաշտպանության նախարարին: