Նորքի տուն-ինտերնատում շաբաթը երեք օր փորձ է: «Տարմանի» թատերախումբն է: Ծերանոցի բնակիչները նոր մասնագիտություն ունեն՝ խաղում են ներկայացումներում: Թումանյանի հեքիաթներից սկսել, հասել են Ժիրայր Անանյանի «Տաքսի-տաքսի» կատակերգությանը:
Արարատ պապը խաղում է Կնյազիդերը:
Արարատ Բաղդասարյան, Նորքի տուն-ինտերնատի բնակիչ - Զարմանում եմ, 18 էջից բաղկացած ծավալուն տեքստը հիշում եմ 84 տարեկան հասակում:
Քարտուղարուհու դերում տիկին Գայանեն է: Պատերազմից հետո է Արցախից տեղափոխվել: Իր առաջին ներկայացումն է, դերը հավանել է:
Գայանե Հակոբյան, Նորքի տուն-ինտերնատի բնակիչ - Երազել եմ թատերական խմբի մասնակից դառնալ, չստացվեց: Եկա այստեղ ու մասնակցեցի:
Տիկին Ջուլիետան էլ իր ցանկությունը 70 տարեկանում է կարողացել կատարել:
Ջուլիետա Շիրակյան, Նորքի տուն-ինտերնատի բնակիչ - Նման բան երբեք ինձ մոտ չի եղել, ես թատրոնի հետ ընդհանրապես գործ չեմ ունեցել, բայց միշտ սիրել եմ Սվետլաննա Գրիգորյանի դերը:
Ծերանոցի բնակիչներից յուրաքանչյուրն իր դերը լավ գիտի, եթե մեկն էլ շփոթվում է՝ հուշում են: Գործից չեն շեղվում: Արդեն 2 տարի է փորձերի մեջ են:
Գառնիկ Սեյրանյան, բեմադրիչ - Իրենց առօրյա իրականությունից տեղափոխվում են մեկ այլ իրականություն, այդ այլ իրականության տեղափոխումն իրենց կենսական լիցքերն ավելացնում է: Եթե մեր այս աշխատանքով կարողանում ենք թեկուզ մեկ օրով երկարացնել մեր տարեցների կյանքը, ուրեմն՝ արժե, որ այս թատերախումբը գոյություն ունենա:
Սա իրենց 3-րդ ներկայացումն է: Դերասանները յուրաքանչյուր ներկայացում փորձում են 5 ամիս: Նպատակ ունեն այս մեկը Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի բեմում խաղալ: