Խորհրդարանական ուժերը հանձնաժողովների նախագահների ընտրության փուլն ավարտելուց հետո քննարկել և որոշել են հանձնաժողովների փոխնախագահների պաշտոններում իրենց թեկնածուներին և անդամներին:
Նազելի Բաղդասարյան (ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար) - «Քաղաքացիական պայմանագիրը», կարծում եմ, այսօր կամ վաղը վերջնական հստակեցումները կանի, և արդեն երկուշաբթի իր անդամների և մնացած բաշխվածության մասով գրությունը մուտք կանի ԱԺ:
Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի՝ մշտական հանձնաժողովներն ստեղծվում են ԱԺ առաջին նստաշրջանում: Դրանց ձևավորման համար յուրաքանչյուր խմբակցություն տվյալ հանձնաժողովում իրեն հասանելիք անդամների թվով համապատասխան գրությունը ներկայացնում Ազգային ժողովի նախագահին: Իսկ առաջին նիստում արդեն հանձնաժողովի կազմից ընտրվում են փոխնախագահներ:
Նազելի Բաղդասարյան - Եթե, օրինակ՝ հաջորդ շաբաթ Ազգային ժողովն արտահերթ նիստ գումարի, հանձնաժողովներն արդեն պետք է ձևավորված լինեն, որպեսզի ԱԺ մարմինները կարողանան բնականոն գործել:
Հանձնաժողովների նախագահների ընտրության հարցում իշխանությունն ու ընդդիմությունն այդպես էլ նախապես որևէ քննարկում և պայմանավորվածություն չունեցան: Միայն նիստերի դահլիճում պարզ դարձավ, թե մեծամասնությունն ու փոքրամասնությունը որ հանձնաժողովները նախընտրեցին ղեկավարել:
Նազելի Բաղդասարյանն ասում է՝ փոխնախագահների ընտրության հարցով ևս ընդդիմության հետ դեռ պայմանավորվածություն չկա: Այդ հարցով քննարկում չի էլ լինի՝ հայտարարում է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Արծվիկ Մինասյան (ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար) - Թեև իշխանությունը փորձում էր ամեն գնով պայմանավորվածության գնալ, սակայն մենք չգնացինք դրան: Նախ՝ պայմանավորվելու ոչինչ չունենք, ամեն բան թող լինի հրապարակային: Դա թույլ կտա ավելի ճկուն լինել: Եթե պետք է նախապես ինչ-որ բաներ պայմանավորվել, նման ընթացակարգի իմաստը ո՞րն է:
Փոխնախագահների բաշխումը ևս տեղի կունենա Դոնթի բանաձևով. նախ՝ առաջինն ընտրություն կանի «Հայաստան» դաշինքը, հետո՝ «Քաղաքացիական պայմանագիրը», ապա՝ «Պատիվ ունեմ»-ը: Այնուհետև երկու հանձնաժողովում փոխնախագահ կընտրի իշխող մեծամասնությունը, ապա՝ «Հայաստան» խմբակցությունը, և այդպես շարունակ: Արդյունքում՝ 8 հանձնաժողովում փոխնախագահ կունենա «Քաղաքացիական պայմանագիրը», 3-ում՝ «Հայաստան» խմբակցությունը, 1-ում՝ «Պատիվ ունեմ»-ը:
Արծվիկ Մինասյան - Քանի որ առաջինը մենք ենք, հստակ կարող եմ ասել՝ ընտրելու ենք պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը:
Թե ո՞ւմ են առաջադրելու այդ պաշտոնում՝ Մինասյանը դեռ չցանկացավ անուն տալ: Իշխանությունից ևս հանձնաժողովների փոխնախագահների թեկնածուների անուններ չեն հնչեցնում: Իսկ հաջորդ շաբաթվա վերջին խորհրդարանը հնարավոր է քննարկի կառավարության գործունեության ծրագիրը:
Ընդդիմությունը կառավարության ծրագրի քննարկմանը մասնակցել-չմասնակցելու հարցը դեռ չի քննարկել: