Բելառուսում, Մոլդովայում և Պակիստանում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիյար Վահաբզադեի հայտարարությունն իսկական իրարանցում է առաջացրել Ռուսաստանում և դարձել սկանդալի պատճառ: Նախկին դիվանագետը օրեր առաջ ռուսներին անվանել էր խոզ, որոնք գարշահոտություն են տարածում ամբողջ աշխարհում:
Նման կերպ Վահաբզադեն արձագանքել էր ռուս քաղաքական գործիչ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությանը, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բռնապետ է:
Դեսպանի հայտարարությանը նախ՝ արձագանքել է հենց ինքը՝ Վլադիմիր Ժիրինովսկին՝ պահանջելով քրեական գործ հարուցել Վահաբզադեի նկատմամբ, իսկ բուն հայտարարությունը անվանելով միջնադարյան:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հրաժարվել էր մեկնաբանել դեսպան Վահաբզադեի հայտարարությունը, քանի որ, ըստ պաշտոնական Բաքվի, գործչի կարծիքը չի արտացոլում ո՛չ որևէ գերատեսչության, ո՛չ պետության ընդհանուր դիրքորոշումը:
Պաշտոնական Բաքվի այդ դիրքորոշմանը համաձայն չէ Ռուսաստանի Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյը:
«Չնայած նա նախկին դիվանագետ է, սակայն շատ լավ գիտի, թե ինչն է կարելի, ինչը՝ ոչ»,- նշել է Տոլստոյը՝ Վահաբզադեից պահանջելով ներողություն խնդրել:
«Ներել միմյանց կարող են մարդիկ, սակայն մի ամբողջ ազգի, հավատքի և պետության նկատմամբ վիրավորանքը հետք է թողում երկրների հարաբերությունների պատմության մեջ»,- նշել է Տոլստոյը՝ նախազգուշացնելով հետևանքների մասին:
Ռուսական կողմի պաշտոնական պատասխանն էլ երկար սպասել չտվեց. Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը 50 տարով արգելել է նախկին դեսպանի մուտքը Ռուսաստան: Պատճառաբանությունը հստակ է՝ Վահաբզադեն ազգամիջյան թշնամանք է սերմանում: