ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը օգոստոսի 12-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիին:
Նախարար Տիգրան Խաչատրյանը ողջունել է հյուրին և ընդգծել, որ Ասիական զարգացման բանկը Հայաստանի կառավարության հետ ունի տարբեր ուղղություններով համագործակցության ծրագրերի լայն բովանդակություն:
Նախարարը նշել է՝ Հայաստանի ֆինանսների նախարարությունում շահագրգիռ են, որ կառավարության կողմից իրականացվող տարբեր ծրագրերը ունենան որակյալ բովանդակություն և արդյունավետ ծառայեն տնտեսության զարգացման գործին:
Տիգրան Խաչատրյանը նաև համոզմունք է հայտնել, որ ԱԶԲ-ի հետ համագործակցությունը կնպաստի կառավարության նոր ծրագրի շրջանակում տարվող աշխատանքներին և դրանց իրականացմանը:
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատին նախ՝ շնորհավորել է Տիգրան Խաչատրյանին ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, այնուհետև փոխադարձ պատրաստակամություն հայտնել շարունակել աշխատել միասին:
Հանդիպմանը մասնակիցները քննարկել են տարբեր ոլորտներում ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի և հետագա համագործակցությանն ուղղված հարցեր: