Լեզվի կոմիտեն շարունակում է պայքարել քաղաքի օտարալեզու ցուցանակների, խանութների անվանումների ու սրճարանների օտարալեզու ճաշացանկերի դեմ: Այս տարվա 7 ամիսներին 63 վարչական վարույթ է հարուցվել, դատարանում քննված գործերի թիվը 18-ի է հասնում: Երկուսի դեպքով գործը վերաքննիչ դատարան է հասել: Կառույցի ղեկավարի խոսքով՝ քաղաքն օտար ու անհարմար է դարձել, քանի որ Հայաստանում տնտեսավարողները կարծես աշխատում են ոչ թե հայաստանցիների, այլ զբոսաշրջիկների համար:
Դավիթ Գյուրջինյան (Լեզվի կոմիտեի նախագահ) - Տնտեսավարողները փորձում են փաստաբան վարձել, թե գիտեք՝ զբոսաշրջիկը գալիս է, հայերեն չի հասկանում:
Այն սրճարաններում, որտեղ ձեզ միայն օտարալեզու ճաշացանկ կտրամադրեն, Գյուրջինյանն առաջարկում է բոյկոտել ու երեկոն այնտեղ չշարունակել: Ասում է՝ վերջին շրջանում մի նոր միտում էլ կա՝ քաղաքը հեղեղվել է որոշ կայքերի օտարալեզու հասցեներով:
Օտարամոլության ալիքը նաև մարզեր է հասել: Վարսավիրանոցներն էլ վարսավիրանոց չեն, անգլերեն թարգմանությամբ են ներկայացվում:
Լեզվի կոմիտեն օտարալեզու գրություների դեմ պայքարը շարունակելու է, կառույցի ղեկավարը կոչ արեց ինքնակամ, օր առաջ խանութների անվանումները հայերեն դարձնել, քաղաքն ազատել լատինատառ ցուցանակներից, արտադրանքի վրա էլ հայոց լեզվին աղքատ ազգականի կարգավիճակ չտալ: Ինչ վերաբերում է դեղերին, ապա տուփերի վրա հայերեն թարգմանությամբ ներդիրը պարտադիր է:
Լեզվի կոմիտեն պարբերաբար օտար բառերի բառացանկեր է հրապարակում հայերեն համարժեքներով, առաջարկում են նաև պաշտոնյաներին այդ ցանկերին հետևել ու օտար բառեր չկիրառել:
Նոր պարեկային ծառայության ոստիկանների համազգեստի ու մեքենաների վրա էլ հայերենը գերակա չէ: Ոստիկանության հետ գործակցությամբ առաջիկայում խնդիրը կշտկվի: Առաջարկված տարբերակին կոմիտեն հավանություն է տվել: