Գերմանիան օգնություն չի տրամադրի Աֆղանստանին, եթե «Թալիբանը» վերահսկողություն սահմանի երկրի ամբողջ տարածքի նկատմամբ` հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարը: Հայկո Մաասը նշել է, որ Գերմանիան ամեն տարի 430 մլն եվրո է տրամադրում Աֆղանստանին: «Եթե թալիբները վերահսկողության տակ վերցնեն ամբողջ երկիրը, մտցնեն շարիաթի օրենքները, ապա մենք ոչ մի սենթ ավել չենք հատկացնի։ Երկիրը չի կարող գոյատևել առանց միջազգային օգնության»,- ասել է Մաասը։ Նախարարի խոսքով՝ թալիբները տեղյակ են այդ մասին:
****
Աֆղանստանի մայրաքաղաքի Քաբուլի Համիդ Քարզաիի անվան միջազգային օդանավակայանի շահագործմանն ու անվտանգության ապահովմանն ուղղված քննարկումները շարունակվում են՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ մանրամասնելով, որ միջազգային օդանավակայանի հետագա կառավարման հարցը կորոշակիանա առաջիկա օրերին։ Անկարան մտադիր չէ որևէ կերպ վտանգել թուրք զինծառայողների կյանքը՝ շեշտել է Աքարը և հիշեցրել, որ թուրք զինվորականները վեց տարի շարունակ իրականացնում են Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանի կառավարումն ու անվտանգության ապահովումը։ Նախարարի խոսքով՝ եթե օդանավակայանը փակվի, բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունները կարող են լքել Աֆղանստանը։
*****
Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Սեյմը, ընդունել է ԶԼՄ-ների կապիտալի սահմանափակման մասին օրինագիծը, որը դարձել էր ճգնաժամի պատճառ: Օրինագծով նախատեսվում է ընդլայնել այն ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումները, որոնց ոչ եվրոպական կապիտալի մասնաբաժինը գերազանցում է 49 %-ը: Բացի այդ, կարգելվի կամ տեղական վերահսկողության տակ կանցնի այն հեռուստաալիքների գործունեությունը, որոնց ղեկավարները ԵՄ անդամ երկրի քաղաքացի չեն: Այդ հեռուստաալիքների շարքում է նաև TVN-ը, որը պատկանում է ամերիկյան Discovery կորպորացիային և հաճախ է քննադատում իշխանությունների որոշումները: Վաշինգտոնից հայտնել են, որ նախաձեռնությունը կարող է անբարենպաստ լինել երկրի բիզնես միջավայրի համար: Պետքարտուղարությունը պատրաստվում է նախագծի դրույթների մասին քննարկում ունենալ Լեհաստանի իշխանությունների հետ:
*****
Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը համաշխարհային տնտեսության վերականգնմանը զուգընթաց պետք է հրաժարվի նավթի արդյունահանման կրճատումից, որպեսզի գները նվազեցնի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը։ Վաշինգտոնն ակնարկել է ՕՊԵԿ-ին, նավթ արտահանող խոշոր երկրներին, որ համաշխարհային տնտեսության վերականգնմանը զուգընթաց համավարակի ժամանակ արված արդյունահանման կրճատումը պետք է չեղյալ հայտարարվի՝ սպառողների համար գները նվազեցնելու նպատակով:
*****
Կամչատկայի երկրամասի տարածքում զբոսաշրջային երթուղով թռչող Մի-8 ուղղաթիռն ընկել է Կուրիլյան լիճը։ Ուղղաթիռում եղել է 16 մարդ, նրանցից 8-ը մահացել է, իսկ մնացած 8-ին հաջողվել է փրկվել, 2 հոգու առողջական վիճակը, սակայն, գնահատվում է ծայրահեղ ծանր: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
*****
1 օրում՝ 808 մահ. Ռուսաստանում COVID-19-ի հետևանքով մահվան ռեկորդային ցուցանիշ է գրանցվել: Երկրում համավարակն սկսվելուց ի վեր առաջին անգամ է արձանագրվել կորոնավիրուսի պատճառով 800-ից ավելի մահ՝ մեկ օրում: