Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանի հետ ընդունել է «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երեխայի և ընտանիքի աջակցության ճգնաժամային կենտրոնի աշխատանքներին, տրամադրվող ծառայություններին և գործունեության համակարգմանը վերաբերող հարցեր։
Կարևորելով երեխաների իրավունքների պաշտպանությունն ու, առավել ևս, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների լավագույն շահը՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը նշել է, որ այս առումով թերացումներ և բացթողումներ ունենալն անթույլատրելի են:
«Երբ մենք խոսում ենք երեխաների իրավունքների, նրանց խնդիրների լուծման մասին, երբ խոսքը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների մասին է, ապա պետք է անպայման աշխատել առանց դադարի և այս աշխատանքում պետք է համագործակցեն բոլոր պատասխանատու կառույցները։ Համագործակցությունը պետք է լինի բոլորիս աշխատանքի կարևոր պայմանը։ Շիրակի մարզպետարանը պատրաստ է համագործակցության և ամեն ինչ պետք է արվի ոլորտում առկա հիմնախնդիրների արագ լուծման համար»,- ասել է մարզպետը։
Հովհաննես Հարությունյանը կարևորել է կենտրոնների գործունեության մեջ յուրաքանչյուր քայլի գնահատումը՝ նշելով, որ բովանդակային նոր գործունեության անցնելով նրանք պետք է տրամադրվող ծառայությունները կատարեն առավել պատասխանատվությամբ, հաշվի պետք է առնվի յուրաքանչյուր դեպքի ռիսկայնության աստիճանը, խորքային ուսումնասիրությունները պետք է լինեն համակողմանի և համագործակցված բոլոր կառույցների հետ։