Միասնական սոցիալական ծառայության կենտրոնի տվյալով՝ աշխատանք է փնտրում 90.390 մարդ, գործազուրկները 61.356-ն են:
Ժորա Սարգսյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ) - Աշխատանք փնտրողները ներկա պահին ունեն աշխատանք, սակայն ցանկանում են փոխել կամ գործատուն պատրաստվում է աշխատանքից հեռացնել, որի համար նրանք մեր միջոցով փորձում են կրկին աշխատանք ձեռք բերել: Ցավոք, նախորդ տարվա համեմատ մի փոքր աճել են այս թվերը, մասնավորապես 3.1 տոկոսով կամ 2712 հոգով ավելացել է աշխատանք փնտրող անձանց թիվը և մոտավորապես 1.8 տոկոսով կամ 1133 հոգով ավելացել է գործազուրկների թիվը, որոնք հաշվառվել են մեզ մոտ:
Կառույցը կապ է ստեղծում գործազուրկ անձի և գործատուի միջև, և վերջին 7 ամսում նախատեսված 4027 ծրագրից 2243-ն արդեն իրականացվել է:
Ըստ Սարգսյանի՝ ծրագրեր են իրականացվել Արցախից տեղահանվածներին աշխատանքով ապահովելու համար: Այս տարի իրականացվող ծրագրերը 9-ն են, որոցից 2-ը արցախցիների համար է: Միայն «Պրակիտկայի» ծրագրով արդեն իսկ Արցախից 290 տեղահանված է աշխատանք գտել:
Ժորա Սարգսյան - Յուրաքանչյուր ամսվա համար գործատուի փոխարեն պետությունն է աշխատավարձ տալիս 100 հազար ՀՀ դրամի սահմանում, բացի դա, այդպես վճարվում են հարկերը, որպեսզի գործատուն կարողանա ամբողջական 100 հազարը տրամադրել աշխատողին: Այս ընթացքում ուղեգրերի միջոցով ևս կարողացել ենք աշխատանքի տեղավորել, որոնց թիվը կազմել է 679: Եթե վերջին տվյալները դիտարկենք, ապա դինամիկան դրական է, և վերջին բոլոր ամիսների ընթացքում նախորդ ամսվա համեմատ գրանցել ենք աճ՝ համաձայն Պետեկամուտների կոմիտեի կողմից ներկայացված տեղեկատվությունների: Կարելի է ասել՝ այս պահին ունենք մեծ ցուցանիշ աշխատողների մասով:
Աշխատանք փնտրողները շատ են, սակայն միայն Երևանում տևական ժամանակ է՝ չհամալրվող 770 թափուր աշխատատեղ կա: Ժորա Սարգսյանի խոսքով՝ հիմնականում պահանջվում են միջին որակավորման մասնագետներ:
Ժորա Սարգսյան - Հիմնականում պատճառը վարձատրության մեջ է, որովհետև միջին որակավորում պահանջող աշխատատեղերի համար բարձր չեն վարձատրում: Դեղագործ, կահույքագործ, եռակցող, բանվորներ. այս աշխատատեղերը երկար ժամանակ չեն համալրվում:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Միասնական սոցիալական ծառայությունում գրանցված գործազուրկների գրեթե 94 տոկոսն աշխատաշուկայում անմրցունակ է. հայտարարեց Ժորա Սարգսյանը: Այս ցուցանիշները հաշվի առնելով է զբաղվածության պետական ծրագրերի կարևոր բաղադրիչ սահմանվել գործազուրկի, աշխատանք փնտրողի կարողությունների զարգացումը:
Հեղինակ՝ Անի Օհանյան