Ուսուցիչները, բուհերի պրոֆեսորադասախոսական կազմը, հանրային սննդի օբյեկտների և մի շարք կազմակերպությունների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները պետք է ամսական երկու անգամ կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնեն, եթե, չունենալով հակացուցումներ, հրաժարվում են պատվաստվելուց. Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքով՝ այժմ այդ ուղղությամբ մշակվում են համապատասխան իրավական ակտեր:
Ըստ նախարարի՝ գոյություն ունեն հստակ հակացուցումներ, որոնց դեպքում պատվաստվել չի կարելի: Սակայն այդ ցուցակից դուրս բոլոր հիվանդությունները ոչ միայն չեն խանգարում պատվաստվելուն, այլև, ընդհակառակը, ցուցում են հանդիսանում պատվաստման համար: Օրինակ՝ շաքարային դիաբետը և այլ քրոնիկ հիվանդությունները ռիսկի լուրջ գործոն են, նման ուղեկցող հիվանդություններով պացիենտների մոտ կորոնավիրուսային վարակից մահացության տոկոսը ավելի բարձր է, դրա համար նրանց խորհուրդ է տրվում օր առաջ պատվաստվել:
Նախարարը նշեց, որ կորոնավիրուսը շարունակում է լուրջ մարտահրավեր լինել երկրի համար:
«Այն անտեսանելի պատերազմ է, որը մենք մեկուկես տարի է վարում ենք: Մենք ունենք դեռ օրական գրանցվող մահեր, ունենք մտավախություն հետագայում ալիքի բարձրացման, և մենք՝ որպես պետություն, պետք է անենք ամեն ինչ՝ պաշտպանելու մեր քաղաքացիներին: Եվ այդ գործիքակազմի մեջ, ինչպես նաև շատ այլ երկրներ, օգտվելու ենք նման սահմանափակումներից, որովհետև այս պարագայում կոնկրետ անձի առողջությունից բացի մենք խնդիր ունենք հանրային առողջապահական լուրջ մարտահրավերի հետ, ուստի անելու ենք ամեն ինչ, օրենքի շրջանակներում, որպեսզի քաղաքացիները պատվաստվեն, ինչը ամենագործուն միջոցն է պայքարելու COVID-19-ի դեմ»,- ասաց նախարար Ավանեսյանը: Ըստ նրա՝ ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ակնկալվում է կորոնավիրուսի ցուցանիշների աճ: