Կառավարությունը միաձայն հաստատեց նախագիծը, որն առաջարկում է պետական աջակցություն տրամադրել այն գործատուին, որն աշխատանքի կընդունի ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք, վիրավորում ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին:
Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Աշխատանքի տեղավորման յուրաքանչյուր անձի համար նախատեսվում է գործատուին տրամադրել աջակցություն՝ առավելագույնը 100 հազար դրամի չափով, աշխատավարձից հաշվարկած եկամտային հարկի համար եռամսյակային կտրվածքով, և առավելագույն ժամկետը կլինի 1 տարի:
Կստացվի, որ գործատուն տարվա կտրվածքով 400 հազար դրամի չափով եկամտային հարկից կազատվի: Կառավարությունը նաև միանվագ՝ ոչ ավելի, քան 500 հազար դրամի չափով փոխհատուցում կտա, եթե գործատուն որոշի, օրինակ՝ թեքահարթակով կամ մեկ այլ գործիքով շենքային ու աշխատանքային պայմաններն ավելի հարմարավետ դարձնել աշխատողի համար:
Նիկոլ Փաշինյան (վարչապետ) - Կարծում եմ՝ լավ ծրագիր է, ուղղակի, պարո՛ն Մկրտչյան, ինչ-որ ժամանակ անց պետք է ակնկալենք, որ ունենանք արդյունքների մասին հաշվետվություն, որովհետև այս կարգի գաղափարներ նախկինում եղել են, և հնարավոր չի եղել հասնել համաձայնության կառավարությունում: Եթե էֆեկտիվությունը ապացուցվի, հնարավոր է, որ այս գործիքը կարողանանք կիրառել նաև այլ ոլորտներում:
Միջոցառման ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել 2021-ի պետական բյուջեով զբաղվածության ծրագրերի իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցներով: Սա ստեղծված իրավիճակից բխող միջոցառում է, հայտարարեց նախարարը, բայց պահանջարկից կախված՝ կարող է վերաձևակերպվել արդեն որպես զբաղվածության առանձին ծրագիր: