ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻՑ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ
Հանքարդյունահանողների՝ պետբյուջե վճարած ռոյալթիի 2%-ի կեսը կտրամադրվի այն համայնքներին, որոնք տարածքում աշխատանքներ են իրականացնում: Այս պահին նման համայնքների թիվը 23 է, խոսքը 902 մլն դրամի մասին է, որը կարող է ուղղվել սուբվենցիոն ծրագրերին:
Գնել Սանոսյան (ՏԿԵ նախարար) - Վերջիններիս հնարավորություն է տրվում տրամադրված գումարները ամեն տարի ուղղել որևէ առանձին ծրագրի, կլինի բուժհաստատություն կամ այլ ծրագիր: Օրենքով նախատեսվում է, որ այս մասհանման ծրագիրը իրականացվում է ավագանու կողմից: Ավագանու դերը մենք մեծացնում ենք, և այնպես չէ, որ համայնքապետի կաբինետը վերանորոգել, այլ ավագանին որևէ տնտեսական ծրագրի կուղղի գումարները:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Սուբվենցիոն համակարգով կարևոր համակարգ ենք գործարկել, ՀՀ-ին և համայնքներին:
Առավել արդարացի դարձնելու համար՝ այս պահին ռոյալթիի համակարգը վերանայելու գործընթաց է իրականացվում, ընդգծեց վարչապետը: Թեման շարունակելով՝ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը այս որոշումը համայնքների ապակենտրոնացման ուղղությամբ գործնական քայլ որակեց, որը համայնքների համաչափ զարգացման հնարավորություն է տալու:
Սուրեն Պապիկյան (ՀՀ փոխվարչապետ) - Սա արվում է ոչ թե որևէ ընկերության բարեհաճությամբ:
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՋԱԿՑԻ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ
Ռազմական գործողությունների ընթացքում վնասվածք ստացած և հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքով ապահովող գործատուները աջակցություն կստանան: Ըստ այդմ՝ միջոցառման շրջանակներում աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի համար գործատուին կտրամադրվի աջակցություն՝ այդ անձի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100 հազար դրամ, գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում միանվագ փոխհատուցում կլինի՝ ոչ ավելի, քան 500 հազար դրամի չափով:
Նարեկ Մկրտչյան (աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար) - Միջոցառման ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել 2021 թ. բյուջեով զբաղվածության հատկացված ֆինանսական միջոցներից:
Նիկոլ Փաշինյան - Այս պահին մենք անում ենք հետևյալը. եթե հաշմանդամություն ունեցող անձին գործատուն ընդունում է աշխատանքի, և կա հարմարեցումների խնդիր, պետությունը 500 հազար դրամի չափով աջակցում է գործատուին, որպեսզի թեքահարթակ և այլ ամենատարբեր հարմարեցումների համար որպես աջակցություն: Մեր կանխավարկածն այն չէ, որ 500 հազար դա կարող է արժենալ, դա կարող է արժենալ ավելի շատ կամ քիչ, և եռամսյակի կտրվածքով 100 հազար դրամ եկամտահարկից նվազեցվում է:
ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՈԽՎԻ
Գործադիրը այսօր հավանություն տվեց նաև Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին: Նպատակն է փոխել նորակառույցից հիփոթեքով բնակարան ձեռք բերելու դեպքում եկամտահարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը: Դրան հաղորդել տարածքային համաչափ զարգացման, ինչպես նաև ավելի ընդգծված սոցիալական նշանակություն: Ընդհանուր առմամբ, եկամտահարկի տեսքով վերադարձվել է ավելի քան 13 մլրդ դրամ: Ծրագրից հիմնականում օգտվել են Երևանում: Գործադիրն առաջարկում է մայրաքաղաքում սահմանափակել արտոնությունը:
Տիգրան Խաչատրյան (ՀՀ ֆինանսների նախարար) - Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ 2022 թ. հուլիսի 1-ից արտոնությունը կդադարի Երևանի առաջին գոտում բնակարանների ձեռքբերման վարկերի տոկոսների նկատմամբ, 2023 թ. հունվարի 1-ից՝ Երևանի երկրորդ գոտում, 2023 թ. հուլիսի 1-ից՝ Երևանի երրորդ գոտում, իսկ 2025 թ. հունվարի 1-ից՝ Երևանի մնացած գոտիներում:
Վարչապետը նկատեց՝ մարզերի բնակիչները սկսել են բնակարաններ ձեռք բերել Երևանում: Կան բնակավայրեր, որտեղ վերջին 30 տարում բնակարանաշինություն չի իրականացվել, արձանագրեց վարչապետը: Այս որոշմամբ կխթանեն բնակարանաշինությունը մարզերում:
Նիկոլ Փաշինյան - Մեր խնդիրն է աջակցել, որպեսզի մարզերում ևս բնակարանաշինություն իրականանա: Ընդհանրապես, պետք ա արձանագրել, որ մարզերում բնակֆոնդը էականորեն մաշված է: Որովհետև շենքերի հիմնական մասը կառուցվել ա 70-ական-80-ական, նույնիսկ 50-ականներին:
Որպեսզի արդեն իսկ տրված թույլտվությունների դեպքում շինարարական կազմակերպությունները խնդիրների առջև չկանգնեն, սահմանափակումների կիրառման մեխանիզմները դեռ կքննարկվեն, այդ թվում՝ Ազգային ժողովի գործընկերների հետ: