Խորհրդարանը գաղտնի քվեարկությամբ ընտրեց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահներին: 8-րդ գումարման խորհրդարանում կգործի 12 հանձնաժողով, որից 9-ը կղեկավարի իշխանության, իսկ 3-ը՝ ընդդիմության ներկայացուցիչ: Ըստ Դոնթի բանաձևի՝ ընդդիմությանն անցավ Տնտեսական, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների ղեկավարումը:
Օրվա սկզբին պատգամավորները քննարկեցին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընդդիմադիր երկու խմբակցության՝ փոխհամաձայնությամբ առաջադրված «Պատիվ ունեմից» Թագուհի Թովմասյանի թեկնածությունը: Նախորդ խորհրդարանում իշխող ուժի ցուցակով պատգամավոր դարձած, ապա խմբակցությունը լքած Թովմասյանից ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հետաքրքրվեց՝ պատասխանատվություն կրո՞ւմ էր իշխանության գործողությունների համար, երբ թիմի անդամ էր հանդիսանում:
Թագուհի Թովմասյան, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու - Ես չեմ կարող պատասխանատվություն կրել այնպիսի բաների համար, որոնցից տեղյակ չեմ, իսկ դուք գիտեք, որ հատկապես պատերազմից հետո խմբակցությունը, կամ գոնե ես, տեղյակ չենք եղել իշխանության գործողության, դրա տրամաբանության, հիմնավորվածության մասին:
Ռուբեն Ռուբինյան, ԱԺ նախագահի տեղակալ - Իսկ «Պատիվ ունեմի» գործողություններից տեղյա՞կ եք, տիկին Թովմասյան:
Տեղյակ է, թե ոչ՝ պատգամավորը չհստակեցրեց, բայց հայտարարեց, թե «Պատիվ ունեմն» այլ ավանդույթներով է ձևավորվել:
Հարցի քննարկման ֆոնին «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանն անդրադարձավ խորհրդարանում լրագրողների տեղաշարժի սահմանափակումներին: Հայտարարեց՝ մամուլը բոլոր իշխանությունների օրոք այս կամ այն կերպ ենթարկվել է ճնշումների: Մանուկյանի գնահատմամբ, սակայն, գործող իշխանությունը մամուլի նկատմամբ համակարգված սահմանափակումներ է իրականացնում:
Գեղամ Մանուկյան, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր - Այսօր մենք տեսնում ենք, որ Ազգային ժողովում մամուլի աշխատանքը խայտառակ կերպով սահմանափակվում է, սահմանափակվում են այն հիմնական գործիքները, որոնցով լրագրողը կարող էր լուսաբանել ԱԺ աշխատանքը և հանրությանն իրազեկել:
Ընդդիմադիր պատգամավորի ելույթից հետո ամբիոնին մոտեցավ ԱԺ նախագահը և ընդգծեց՝ արտահերթ ելույթը նվիրում է Գեղամ Մանուկյանին: Տարբեր երկրների օրինակով պնդեց՝ այն գործելաոճը, որ կա Հայաստանի խորհրդարանում, չկա որևէ այլ երկրում:
Ալեն Սիմոնյան, ԱԺ նախագահ - Հեղափոխությունից հետո որոշ մարդիկ խոսքի ազատությունը խառնել են լկտիության հետ:
Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքը համակարգվելու է՝ շարունակեց Սիմոնյանը և վստահեցրեց՝ լրագրողները պատգամավորներին մոտենալու և հարցազրույցներ անելու հնարավորությունից չեն զրկվի:
Հաջորդը քննարկվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածությունը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Հերիքնազ Տիգրանյանին հարցրեց՝ ի՞նչ կարծիքի է, որ կառավարական ամառանոցները վերածվեն վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի, Տիգրանյանի խոսքով՝ անընդհատ դա վկայակոչելն ամբոխահաճություն է: Այս քննարկման ֆոնին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց, թե ինչպես էր կառավարության որոշմամբ՝ այդ ամառանոցից մի տուն նվիրվելու Սերժ Սարգսյանին: Այն ժամանակ գործադիրի անդամ էր նաև ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Արման Եղոյանը անդրադարձավ Եվրամիության կողմից Հայաստանին հատկացվելիք 2.6 մլրդ եվրո գումարին՝ նշելով, որ կառույցի կողմից նման մեծ գումար հատկացնելու որոշումը պայմանավորված է անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրությունների որակով: