Օգոստոսի 11-ին Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Սեյմը, ընդունել է ԶԼՄ-ների կապիտալի սահմանափակման մասին օրինագիծը, որը դարձել էր ճգնաժամի պատճառ: Որոշման ընդունմանը կողմ են քվեարկել 228 օրենսդիր, դեմ՝ 216, ձեռնպահ՝ 10: Հաջորդիվ նախաձեռնությունը քննարկվելու է Սենատում:
Օրինագծով նախատեսվում է ընդլայնել այն ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումները, որոնց ոչ եվրոպական կապիտալի մասնաբաժինը գերազանցում է 49%-ը: Կարգելվի կամ տեղական վերահսկողության տակ կանցնի այն հեռուստաալիքների գործունեությունը, որոնց ղեկավարները ԵՄ անդամ երկրի քաղաքացի չեն: Այդ հեռուստաալիքների շարքում է նաև TVN-ը, որը պատկանում է ամերիկյան Discovery կորպորացիային և հաճախ է քննադատում իշխանությունների որոշումները:
Վաշինգտոնից հայտնել են, որ նախաձեռնությունը կարող է անբարենպաստ լինել երկրի բիզնես միջավայրի համար: Պետքարտուղարությունը պատրաստվում է նախագծի դրույթների մասին քննարկում ունենալ Լեհաստանի իշխանությունների հետ: