Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» մրցեց ղազախական «Կայրաթի» հետ։ Հանդիպման հաշիվը բացվեց միայն 43-րդ րոպեին․ «Ալաշկերտի» կազմում աչքի ընկավ Ժոզե Էմբալոն, սակայն առաջին կեսին ավելացված առաջին րոպեին Աիբոլ Աբիկենը հավասարեցրեց հաշիվը։
Երկրորդ խաղակեսի 50-րդ րոպեին Էմբալոն «Ալաշկերտին» կրկին առաջ մղեց հաշվի մեջ՝ դառնալով դուբլի հեղինակ։ 61-րդ րոպեին, սակայն, տուգանայինի խաղարկումից հետո մրցակցի կազմում հաշիվը հավասարեցրեց Արթուր Շուշենաչևը։ 1 րոպե անց Դենիս Պոլյակովը կանոնների կոպիտ խախտում թույլ տվեց Արտակ Գրիգորյանի հետ պայքարում ու ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից։
Հանդիպման հիմնական ժամանակում թիմերին չհաջողվեց վճռել խաղի ելքն ու այն տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Այստեղ երկու րոպե անց ղազախական թիմը մնաց 9 հոգով․ ուղիղ կարմիր քարտով դաշտից այս անգամ հեռացվեց «Կայրաթի» առաջին գոլի հեղինակ Աիբոլ Աբիկենը։
Լրացուցիչ ժամանակի առաջին կեսի ավարտին Ալեքսանդր Գլիշիչը մոտ տարածությունից գրավեց մրցակցի դարպասը՝ կրկին առավելություն տալով «Ալաշկերտին»։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում նոր գոլեր չարձանագրվեցին:
Այսպիսով՝ «Ալաշկերտը» հաղթեց 3:2 հաշվով և Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում կմրցի շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» հետ: Մեր թիմն առնվազն ապահովեց մասնակցությունն ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին: