ՀՀ Կառավարությունն այսօր հավանություն տվեց Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին, որոնք նպատակ ունեն փոխել եկամտային հարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը և դրան հաղորդել տարածքային համաչափ զարգացման նշանակություն, ինչպես նաև կարգավորմանը տալ ավելի ընդգծված սոցիալական նշանակություն:
«Արտոնությունը գործում է ավելի քան 5 տարի ժամկետով: Կարգավորումը սկզբնապես ընդունվել է ընդգծված տնտեսական նշանակությամբ, առանց սահմանափակումների: Այն նախատեսել է վճարված եկամտային հարկը վերադարձնել ֆիզիկական անձանց՝ հիփոթեքային վարկերի դիմաց վճարված տոկոսները փոխհատուցելու նպատակով: 2018-ից արտոնության համակարգը փոփոխվել էր՝ դրան տալով որոշակի սոցիալական ուղղվածություն: Սահմանվել էր, որ մեկ մարդը կարող էր ծրագրից օգտվել մեկ անգամ, իսկ արտոնությունից օգտվելու նպատակով գնվող բնակարանի արժեքը սահմանափակվել էր 55 մլն դրամով»,- Կառավարության նիստին տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նախարարի խոսքով՝ արտոնության կիրառության տարիների ընթացքում, հատկապես վերջին 2 տարիներին, Կառավարության ֆինանսական աջակցությունից օգտվող քաղաքացիների թիվը կտրուկ աճել է:
«Եթե 2016-2017 թթ. պետական բյուջեից այս ծրագրին հատկացվող ֆինանսական միջոցների տարեկան աճը կազմել է մոտ 1 մլրդ դրամ, ապա 2019-ին աճը կազմել է 3.3 մլրդ, իսկ 2020-ին՝ 5.4 մլրդ դրամ»,- ասաց Խաչատրյանը:
Ըստ նրա՝ այժմ ծրագրի շահառուների թիվը 17 հազար է: Տարեվերջին հատկացված գումարը կկազմի մոտ 21 մլրդ դրամ, շահառուների թիվը՝ 20 հազար:
Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ կառուցապատման հիմնական ծավալն իրականացվում է Երևանում:
«Հաշվի առնելով այս արտոնության տնտեսական և սոցիալական ազդեցության զգալի պոտենցիալը՝ սույն փոփոխությամբ առաջարկվում է արտոնությանը տալ այնպիսի ուղղորդում, որը կխրախուսի բնակարանային նոր կառուցապատման ավելի համաչափ տարածքային բաշխվածությունը, ինչպես նաև կընդգծի դրա սոցիալական բնույթը: Առաջարկվում է աստիճանաբար սահմանափակել արտոնության գործողությունը Երևանի կենտրոնում և դրան հարող հատվածում: Առաջարկվում է սահմանել, որ 2022 թ. հուլիսի 1-ից արտոնությունը կդադարի Երևանի առաջին գոտու նոր շենքերում բնակարանների ձեռքբերման վարկերի տոկոսների նկատմամբ, 2023 թ. հունվարի 1-ից՝ Երևանի երկրորդ գոտում, 2023 թ. հուլիսի 1-ից՝ Երևանի երրորդ գոտում, իսկ 2025 թ. հունվարի 1-ից՝ Երևանի մնացած գոտիներում բնակարանների գնման վարկերի նկատմամբ»,- ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց, որ Հայաստանում կան բազմաթիվ քաղաքային բնակավայրեր, որտեղ վերջին 30 տարում ոչ մի բնակելի շենք չի կառուցվել:
«Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ մարզերում աշխատող, ապրող մարդիկ հնարավորությունը չկորցնելու համար բնակարան են ձեռք բերում Երևանում: Արդյունքում ստացվում է, որ մենք ասում ենք տարածքային համաչափ զարգացում, Երևանից ապակենտրոնացում, բայց իրականում ավելի մեծ կենտրոնացում է տեղի ունենում Երևանում: Այս որոշմամբ՝ որոշակի կանխատեսելի ժամկետներով արտոնությունը սկսում ենք վերացնել՝ սկսած Երևանի կենտրոնից, որպեսզի նաև կարողանանք խթանել մարզերում շինարարությունը»,-ասաց Փաշինյանը: