Եվրոպայում առաջատար ավիաընկերություններից մեկը՝ գերմանական Lufthansa-ն, վերադառնում է Հայաստան: Ավիաընկերությունն իր չվերթերը կվերսկսի օգոստոսի 13-ից՝ Երևան-Ֆրանկֆուրտ-Երևան ուղղությամբ:
Ռենե Կոինչակ, Lufthansa խմբի Ուկրաինայի, Բելառուսի, Թուրքմենստանի և Հարավային Կովկասի վաճառքի գծով գլխավոր մենեջեր - Մենք 2005-2008 թվականներին Մյունխենից Երևան չվերթեր ենք իրականացրել, հետո պահանջարկ չինելու պատճառով՝ դադարեցվեցին: Հիմա չվերթերը վերականգնում ենք, քանի որ տեսնում ենք՝ Եվրոպայից Հայաստան այցելելու մեծ պահանջարկ կա:
Ավիաընկերությունների խմբի Ուկրաինայի, Բելառուսի, Թուրքմենստանի և Հարավային Կովկասի վաճառքի գծով գլխավոր մենեջեր Ռենե Քոինզաքն ընդգծում է՝ Lufthansa-ն իր միջոցներով Հայաստանի կողքին է եղել նաև Սպիտակի երկրաշարժի օրերին:
Ռենե Քոինզաք Lufthansa խմբի Ուկրաինայի, Բելառուսի, Թուրքմենստանի և Հարավային Կովկասի վաճառքի գծով գլխավոր մենեջեր - Ասուլիսին պատրաստվելիս՝ մենք գիտակցեցինք, որ սա ոչ թե երկրորդ, այլ երրորդ անգամ է, որ գալիս ենք Հայաստան. 1988 թվականի երկրաշարժից հետո մեր գործընկերները եղել են այստեղ, որ օգնեն:
Ընկերության ներկայացուցիչներն Էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել են նաև Գյումրիում Lufthansa ավիաընկերության հաբ հիմնելու հարցը, և Գյումրիի օդանավակայանից թռիչքներ իրականացնելու հնարավորությունը: Ասուլիսի բանախոսները նշում են՝ քննարկումներ կան, բայց դեռևս աշխատանքներ են տարվել միայն Երևանի ուղղությամբ: Ընկերութան վաճառքի գծով պատասխանատուները Հայաստանը նախընտրելի ուղղություն են համարում գերմանացի զբոսաշրջիկների համար և շահագրգռված են օգտագործել դեպի մեր երկիր զբոսաշրջային հոսք բերելու հնարավորությունը:
Մարսելո Վենդեն, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն - Սա մեզ հնարավորություն կտա ավելացնել տարբեր երկրներից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը և նրանց հնարավորություն կտա բացահայտել Ձեր գեղեցիկ երկիրը: Այս հանգամանքը կնպաստի նաև Հայաստանի տնտեսության զարգացմանը:
Lufthansa ավիաընկերությունների խմբին պատկանող ավստրիական, բելգիական ավիաուղիներն արդեն իսկ չվերթեր են իրականացնում դեպի Հայաստան և հակառակ ուղղություններով: Նախատեսում են դեպի Երևան թռիչքների թիվը հասցնել շաբաթական 16-ի: Ընկերությունների խումբն ուղիղ չվերթեր կիրականացնի դեպի Վիեննա, Ֆրակֆուրտ, Բրյուսել և Քյոլն: