Անկարայի Ալթընդաղ պատմական թաղամասում օգոստոսի 11-ին սկսվել են ակցիաներ և ջարդեր՝ ընդդեմ սիրիացի և աֆղանստանցի փախստականների: Հարձակումների պատճառ է դարձել օգոստոսի 10-ին սիրիացի փախստականների կողմից 18-ամյա Էմիրhան Յալչինի սպանությունը:
Թուրք ազգայնականները հարձակումներ են գործել սիրիացիներին պատկանող ձեռնարկությունների, խանութների, մեքենաների և տների վրա՝ պատճառելով խոշոր վնասներ։ Իշխանությունները հատուկջոկատայիններ են ուղարկել տարածք` տեղի բնակիչներին հանգստացնելու համար, իսկ որոշ սիրիացիներ տարհանվել են բնակավայրից։
Թուրքիայում արագորեն տարածվում է փախստականների նկատմամբ ատելությունը, ինչը պայմանավորված է նաև աֆղանստանցի փախստականների նոր հոսքերով:
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը, ով մասնագիտացած է Սիրիայում և Լիբիայում հումանիտար ճգնաժամերի և հակամարտությունների լուսաբանման մեջ, իր թվիթերյան օգտահաշվում գրել է․ «Զայրացած ռասիստները Ալթընդաղում հարձակվում են և հրկիզում սիրիացիներին պատկանող խանութները, տները: Նրանք քարեր էին նետում սիրիացի երեխաների վրա և վիրավորում նրանց»։