«Հայաստան» համահայկական հիմնադրամը հյուրընկալել է Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության ներկայացուցիչներ՝ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին և Կենտրոնական վարչության անդամ Խաչիկ Քեշիշյանին:
Հանդիպումն ընթացել է տարբեր հարցերի վերաբերյալ բովանդակալից քննարկումների ձևաչափում. հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ներկայացրել է Արցախում և Հայաստանի մի շարք մարզերում իրականացվող բնակարանաշինության, ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման, կրթական հաստատությունների բարեկարգման և սոցիալական բնույթի ընթացիկ ծրագրերը:
ՍԴՀԿ ներկայացուցիչների կողմից ընդգծվել է Հայաստան-սփյուռք-Արցախ կապերի ամրապնդման և առկա ներուժի լիարժեք օգտագործման կարևորությունը՝ ի շահ Հայրենիքի զարգացման և շենացման:
ՍԴՀԿ-ն մշտապես իր ներկայացուցիչն է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում և զգալի մասնակցություն է ունեցել հայրենիքի առաջ ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում: