ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օգոստոսի 14-29-ը Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը, որի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը:
Փառատոնն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և օժանդակությամբ:
«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» խորագրի շրջանակում փառատոնի մեկնարկը կտրվի Տավուշի մարզի Բերդավան գյուղում՝ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթի համերգային ծրագրով:
Տեղեկացնենք, որ այս տարի փառատոնը ստացել է ավելի քան 4000 հայտ՝ 120 երկրից, մրցութային ծրագիր է անցել 83 ֆիլմ՝ 43 երկրից:
Նախատեսվում է հյուրընկալել միջազգային անվանի կինոգործիչների, արվետագետների, որոնք մեծ ներդրում ունեն հասարակական և մշակութային կյանքում: Այս տարի փառատոնը մշակել է լայնամասշտաբ բացօթյա համերգների շարք՝ #FrescoLive. խորագրով:
Փառատոնի շրջանակում կստեղծվի մշակութային հարթակ, որում հանդես կգան հայաստանյան և արտասահմանյան հայտնի և հանրությանը քիչ ծանոթ ստեղծագործ անհատներ ու խմբեր, որոնք «առանց տոմսի» օրեր շարունակ կդառնան հանդիսատեսի առօրյայի անբաժան մասը:
«Ֆրեսկոն» համախմբում է տարբեր սերնդի և ճաշակի հանդիսատեսի՝ դասականից մինչև ժողովրդական: Հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու Ալեքսեյ Արխիպովսկու (Ռուսաստան) բացօթյա համերգը. նա համարվում է «Բալալայկայի Պագանինի», «Երեք լարերի հանճարը», աշխարհում ռուսական երաժշտության սուրհանդակներից մեկը, ժողովրդական գործիքի հնարավորությունների մասին պատկերացումները մեկընդմիշտ փոխած վիրտուոզ:
Փառատոնի շրջանակում հանդես կգա նաև «Ռուսաստանի ազգային պարադելֆիկ կոմիտեի» համառուսաստանյան միության հասարակական միավորման գործադիր տնօրեն, անվասայլակներով սպորտային պարերի ֆեդերացիայի փոխնախագահ Նատալյա Կրելը:
Նա կանցկացնի «Մշակութային ինտեգրում» խորագրով դասընթաց՝ սոցիալ-մշակութային գործիչների համար: 2021 թվականի «Ֆրեսկո» փառատոնը նախապատրաստելիս հաշվի է առնվել երկրում տիրող հետպատերազմյան իրավիճակը, ծրագիրը մշակվել է ներառական արժեքների, հանրությանը մոտիվացնող, ոգևորող, զինվորներին մեծարող միջոցառումներով՝ համերգներ, ֆիլմերի դիտում-քննարկումներ, մարզային ծրագրեր, մոտիվացիոն հանդիպումներ: